Սկանդալ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում. Արծվիկ Մինասյանն իր կուսակցին փորձում է ջրից չոր դուրս բերե՞լ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի շուրջ կրքեր են հասունանում։ ՊՈԱԿ-ի տնօրեն Սահակ Մուրադյանը, ով փետրվարից արձակուրդում է, քանի որ մասնակցում էր հոր՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի նախընտրական քարոզարշավին, պահանջում է ստուգում-հանձնում կատարել, որից հետո միայն կվերադառնա աշխատանքի։ Բանն այն է, որ տնօրենի բացակայության ընթացքում անտառահատման ահազանգեր են եղել, իսկ մոտ մեկ շաբաթ առաջ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել անտառային ֆոնդի տարածքներում՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազությունից լրատվամիջոցներին տեղեկացրին, որ նշված տարածքում հատված ծառերի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա դատախազի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վերոնշյալ տարածքում ապօրինի հատվել են 100 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 18 մլն․ 906 հազար 474 ՀՀ դրամ վնաս: «Դիլիջան պարկի» պահպանության գծով տեղակալը ՀՅԴ-ական Վաղինակ Վասիլյանն է, և եթե բնապահպանության տեսչության ստուգումներից հետո պարզվի, որ Արծվիկ Մինասյանն իր կուսակցին փորձում է ջրից չոր դուրս բերել, ապա հնարավոր են դրամատիկ զարգացումներ՝ Սահակ Մուրադյանի կողմից կազմակերպված»։