
Մեջլիսի հայ պատգամավորի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցության ուղերձ է հղել:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Մեծ եղեռնից անցել է 102 տարի: Սակայն այս հողերում կատարված ծանրագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության հետ մինչև օրս առերեսում տեղի չի ունեցել»,-«Էրմենիհաբեր«-ի փոխանցմամբ, ասել է Փայլանը:
Հայ պատգամավորը վստահություն է հայտնել, որ անցյալում գործված ցեղասպանության հետ առերեսվելը կարող է նպաստել համերաշխության ձևավորմանը Թուրքիայում հասարակության մեջ: Նաև շեշտել է, որ չպետք է մոռանալ, որ հանցագործության անպատժելիությունը կրկնվելու վտանգ է պարունակում և կարող է հենց կրկնության պատճառ դառնալ:
«Եկեք բոլորս միասին կասեցնենք ժխտողականության պատմությունը: Ապահովենք իրական ճշմարտության վերհանումը: Թող բոլոր զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ»,- եզրափակել է Գարո Փայլանը: