Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2019 թվականին
Այսօր տեղի է ունեցել Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագրի պատասխանատուները Երևանի քաղաքապետին զեկուցել են, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի կառուցման արդյունքում Երևանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։
Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Նշվել է նաև, որ ճանապարհը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
«Մայրաքաղաքի շրջանցիկ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունն ամբողջությամբ նախատեսում ենք ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի թվով 4՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը, ինչը, հաստատ, մեծ ձեռքբերում կլինի Երևանի համար»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ ճանապարհի կառուցման աշխատանքները կկազմակերպվեն այն ելակետով, որ ավարտը լինի նախատեսված ժամկետում՝ 18 ամսվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին