Կարեն Կարապետյան. Առաջարկում ենք դիտարկել հնդկական ընկերությունների ներգրավվումը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում
Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն:
Վարչապետի խոսքով, տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում առավել սերտ կարելի է համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության և մեքենաշինության ուղղություններով:
«ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի»,-ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետի դիտարկմամբ, կենտրոնը մեծ ներուժ ունի որպես բիզնես ծրագիր, և դրա հետագա շահագործմանն ու արդիականացմանը պետք է մոտենալ այդ տեսանկյունից:
Կարեն Կարապետյանը կարևորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և շնորհակալություն հայտնել հնդկական կողմին հեռաբժշկության ցանցի ստեղծման համար տրամադրած օժանդակության կապակցությամբ:
«Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանկանայի նշել Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ: Առաջարկում ենք դիտարկել նաև հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում գործող ոսկերչական, ակնագործական և ժամագործական «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է ու Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը:
Այդ առումով, վարչապետը կարևորել է մատչելի պայմաններով հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան ներկրման և մեքենատրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը: Հեռանկարային է համարվել նաև սերմնաբուծության բնագավառում համագործակցության զարգացումը:
Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարևորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաև Հնդկաստանը և ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ և Եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համիդ Անսարին ընդգծել է երկու պետությունների ու ժողովուրդների ջերմ, բարեկամական հարաբերությունները:
«Մեր երկրները հարաբերությունների յուրաքանչյուր փուլում գտել են համագործակցելու նպատակներ, ուղիներ, և այն, ինչ եղել է անցյալում, կշարունակվի նաև հետագայում: Այսօրվա աշխարհը տեխնոլոգիաների աշխարհ է և մենք ունենք առաջանցիկ աճ՝ տեխնոլոգիական աշխարհի պահանջներին հարմարվելու առումով: Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագիտության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը:
Պարոն Անասարիի խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն և Հնդկաստանը կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: Հնդկաստանի փոխնախագահը գրավիչ է համարել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում հնդկական կապիտալը ներգրավելու առաջարկությունը և նշել, որ այն կփոխանցեն հնդիկ գործարարներին:
«Կարևորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն և պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք և կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- շեշտել է Համիդ Անսարին:
Նշվում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր: Դրանց մասին՝ ավելի մանրամասն կառավարության պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
- «Ահա սա է կյանքի ոգին». Հնդկաստանի փոխնախագահը՝ Ծիծեռնակաբերդում
- Հնդկաստանի փոխնախագահն արդեն Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին