
Կնորոգվեն սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Դավիթ Տոնոյանի և «Պահապան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանի կողմից ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ ԱԻՆ և «Պահապան» զարգացման հիմնադրամի միջև: ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հուշագրով ամրագրվում է նախարարության և հիմնադրամի միջև համագործակցությունը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում դպրոցների ու մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների վերանորոգման ծրագրի իրականացման գործընթացում:
Ծրագրի շրջանակներում կողմերը կայցելեն Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ՝ թաքստոցների ընտրության և դրանց վերանորոգման կարիքները համատեղ գնահատելու համար: ԱԻՆ-ը կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն թաքստոցների և շահագործման վերաբերյալ:
Հիմնադրամը կիրականացնի սահմանամերձ համայքների դպրոցների և մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների նորոգումը և կահավորումը:
Կիրականացվեն համատեղ միջոցառումներ և համապատասխան տեղեկատվության փոխանակում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երեխաների անվտանգության ոլորտում:
Թաքստոցները կահավորված են լինելու խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով և հեռուստացույցով, ինչը հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակահատվածում: Նման թաքստոց արդեն կառուցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
Աղբյուրը նշում է, որ «Խաղաթաքստոց» ծրագրի շրջանակներում «Պահապան» զարգացման հիմնադրամը նախաձեռնել է նաև մասնավոր սեկտորի ներգրավումը ապահով և անվտանգ սահմանամերձ համայնքների կառուցման գործընթացում: «Օգնիր կառուցել հաջորդը» կարգախոսի ներքո միավորվելու են Երևանում գործող մի շարք սրճարաններ (շուրջ՝ 20), որոնց հաճախորդները հնարավորություն կստանան իրենց ներդրումն անել սահմանամերձ համայնքներում երեխաների անվտանգ ներկայի ապահովման հարցում: