Ուրբաթ օրը պարզ կդառնա՝ կհեռանա ՞ Ագրամունտը ԵԽԽՎ նախագահությունից, թե՞ ոչ
Կհեռանա՞ Ագրամունտը ԵԽԽՎ նախագահությունից, թե ոչ․ հայտնի կլինի ուրբաթ օրը
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, ինչպես արդեն հայտնել էին, տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի՝ Սիրիա կատարած այցի վերաբերյալ քննարկում։ Քննարկումը նախապես հայտարարվել էր փակ, որին մասնակցելու ու հարցեր ուղղելու էին հրավիրվել ԵԽԽՎ բոլոր պատգամավորները, սակայն այսօր քննարկման ֆորմատը փոխվել էր․ այն դարձել էր բաց, սակայն սահմանափակվել էր քննարկման ժամանակն ու հարցեր ուղղելու հնարավորությունը։
Ինչպես Panorama.am-ի թղթակցին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը, 5 քաղաքական խմբերից ընտրվել էր ընդամենը 7 անդամ, որոնց հարցեր ուղղելու հնարավորություն էր տրվել։
«Պեդրո Ագրամունտը որևէ հարցի բովանդակային պատասխան չտվեց, միայն ասաց, որ ցանկանում է խորհրդակցություն անցկացնել քաղաքական խմբերի հետ ու իր որոշման մասին կհայտարարի միայն ուրբաթ՝ նստաշրջանի ավարտի օրը բյուրոյի նիստում»,-ասաց Նաիրա Կարապետյանը։
Իսկ թե ինչպիսին կլինի Ագրամունտի հայտարարությունը, դեռևս պարզ չէ, նա կարող է ներողություն խնդրել, ինչն արդեն անում է, կամ հրաժարական տալ, ինչը, պատգամավորը քիչ հավանական է համարում։
«Լսումներն ընդամենը ժամանակ ձգելու մի փորձ էր»,-ասաց Նաիրա Կարապետյանը։
Նշենք, որ Ագրամունտի այցը Սիրիա, ըստ տեղեկությունների, կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։ Վեհաժողովի անդամները կարծում են, որ Ագրամունտի այցը, որը տեղի ունեցավ Իդլիբում քիմիական հարձակումից 2 շաբաթ առաջ, արատավորում է Եվրոպայի խորհրդի նկատմամբ արժանահավատությունը։Պատգամավորները պահանջում էին նաև Ագրամունտի նկատմամբ վստահության քվեարկություն։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիային մոնիտորինգի տակ ներառելու հարցը
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել իր վերաբերյալ քննարկմանը
- ԵԽԽՎ պատգամավոր․Մենք ոչ թե հայկական, այլ ժողովրդավարության համար պայքարող ցանց ենք
- ԵԽԽՎ նախկին նախագահ․ Պետք է անհապաղ ստեղծել կոռուպցիայի հետաքննության մեխանիզմներ
- ԵԽԽՎ նախագահ Ագրամոնտը հեռացվեց դահլիճից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան