«Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարանից որևէ ակնկալիք չունի, վստահ է, թե ինչ որոշում է կայացնելու:
«Միամիտ չենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:
Նա նշեց, որ Սահմանադրական դատարան դիմել են երկու նպատակով:
«Նախ և առաջ մեր պարտավորությունն է: Իրավունք ունե՞նք թաքցնել ժողովրդից, հանրությունից ճշմարտությունը, եթե մենք ունենք փաստարկներ: Ունեցել ենք տեսախցիկներ, ունենք բազմաթիվ տեսանյութեր, որոնք ապացուցում են հանցագործության ծավալը, համատարած լինելը, համակագային լինելը»,- ասաց նա, ապա հավելեց, որ ներքին դատական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նրա խոսքով, այս ընտրությունները մյուսներից տարբերվել է նրանով, որ տեղամասերում աշխատել են նվազագույնի հասցնել խախտումները, քանի որ տեսախցիկներ են տեղադրված եղել տեղամասերում, նաև ստորագրված ցուցակները էին հրապարակվելու:
«Անցյալում շատ դեպքերում ուղղակի եթե ընտրակաշառքն իր գործը չէր անում, բազմակի քվեարկությունն իր գործը չէր անում, դիմում էին արձանագրությունների կեղծմանը: Այս պահին նման բաներ չունենք: Քանի որ ընտրատեղամասերում նվազեցվել էր ընտրակեղծիքի հնարավորությունը, հարվածը գնացել էր ընտրողին հարկադիր, հրահանգավորված քվեարկության ուղղությամբ տանելուն, որը նույնպես հանցագործություն է: Այսինքն ավելի շատ ընտրախախտումների ծանրությունը եղել է ընտրակաշառքի, ահաբեկման, հարկադրելու ուղղությամբ»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նա նշեց, որ անգամ եթե կաշառում են, ահաբեկում են, հարցը չի լուծվում, պետք է երրորդ կարևոր էլեմենտը՝ քվեարկության վերահսկումը. «Դրա համար պետք է գնային քվեարկության գաղտնիության խախտմանը, ինչն էլ կատարվել է, ֆիքսվել է տեսախցիկներով: Մենք ներկայացրել ենք Սահմանադրական դատարան բոլոր փաստերը: Մենք միջնորդել ենք ստեղծել հատուկ խումբ, որ երեք օրում բոլոր տեսանյութերը նայեն, հայտնաբերեն գաղտնիության քվեարկության խախտման բոլոր դրվագները»:
Լ. Զուրաբյանի խոսքով, ընտրություններում իրենց դաշինքի՝ քիչ թվով ձայներ ստանալու հիմնական պատճառը հենց այն է, որ ժողովրդի ազատ կամքի ձևավորման և արտահայտման հնարավարություն չկար։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան