«Մամուլի ազատության ինդեքս-2017». Հետաքննողական լրագրությունը Հայաստանում բարգավաճում է
Հայաստանում տպագիր մամուլը բազմազան ու բևեռացված է, հետաքննող լրագրությունը համացանցում բարգավաճում է, սակայն բազմակարծությունը հեռուստատեսության բնագավառում շարունակում է հետ մնալ:
Այս մասին նշվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության «Մամուլի ազատության ինդեքս. 2017» ամենամյա զեկույցում: Զեկույցում ներառված 180 երկրների շարքում Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով գրավել է 79-րդ հորիզոնականը՝ ստանալով 30.38 միավոր:
Նշվում է, որ Հայաստանում հեռուստատեսության ոլորտում թվային հեռարձակմանն անցում կատարելու վերջնական փուլում ծայրահեղ կարևորություն ունեցող ընկերությունների ապագան ամբողջությամբ կախված կլինի հեռարձակման հաճախականությունների որոշման անաչառությունից:
Զեկույցում նշվում է նաև, որ 2015թ-ի հոկտեմբերին «ilur.am» կայքն ու «Հրապարակ» օրաթերթը կարևոր իրավական հաղթանակ են տարել, քանի որ Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել լրագրության մեջ աղբյուրների գաղտնիության պահպանումը երաշխավորելու վերաբերյալ:
«Այդուհանդերձ, ոստիկանական բռնությունները լրագրողների նկատմամբ շարունակում են դրսևորվել ու մնում են անպատիժ: 2016թ-ի հուլիսին տասնյակ լրագրողներ վնասվածքներ ստացան ոստիկանության կողմից գործադրված ուժի հետևանքով, որը նպատակ ուներ ցրելու հավաքված ցուցարարների բազմությունը»,-նշված է Հայաստանին վերաբերող զեկույցի բաժնում:
«Մամուլի ազատության ինդեքս» զեկույցը կազմվում է հատուկ մշակված հարցաշարի միջոցով: Ստացված տեղեկությունների ամփոփումից հետո ձևավորվում է վարկանիշային աղյուսակը` ըստ վեց հիմնական չափորոշիչների` բազմակարծությունը մամուլում, մեդիա անկախություն, գրաքննություն, ոլորտը համակարգող օրենսդրական դաշտ, թափանցիկություն, ենթակառուցվածքներ:
Ըստ ստացած ինդեքսի՝ Հայաստանից հետ են մնում հետխորհրդային տարածաշրջանի բոլոր երկրները՝ բացառությամբ Վրաստանից և մերձբալթյան երկրներից:
Վրաստանը 64-րդ հորիզոնականում է:
ԵԱՏՄ անդամ երկրներից Ռուսաստանը 148-րդն է, Բելառուսը՝ 153-րդը, Ղազախստանը՝ 157-րդը, իսկ Ղրղզստանը ստացած միավորներով 89-րդն է:
Մամուլի ազատության ինդեքսով աշխարհի առաջատար երկրներն են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիեն և Նիդերլանդները, իսկ ամենաանազատ մամուլ ունեցող երկրներն են Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Թուրքմենստանը, Սիրիան և Չինաստանը: