Վստահ եղեք, որ եկող սերունդին ավելի լավ Երևան ենք հանձնելու. Տարոն Մարգարյան
«Չորս տարի առաջ մենք մեր թիմով հանդես եկանք «Ավելի լավ Երևան» ծրագրով, այս տարիների ընթացքում մեր թիմն օրուգիշեր աշխատեց, բազմաթիվ խնդիրներ լուծեց, բայց դա չի նշանակում, որ մեր քաղաքում անելիքներ չկան»,- այս մասին այսօր Աջափնյակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ այս տարիներին շփվելով Երևանի բնակիչների հետ, լսելով նրանց խորհուրդները, բարձրացված բոլոր հարցերը, մշակել են հաջորդ 5 տարիների ծրագիրը: «Հավակնոտ ծրագիր է, որը կբերի Երևանի զարգացմանը: Վստահ եղեք, որ մենք մեր փորձառու թիմով կարող ենք դա իրականացնել, այն թիմով, որը օր ու գիշեր ծառայել է երևանցուն»,- նշեց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն ասաց, որ այսօր մայրաքաղաքի հիմնական խնդիրներից մեկը բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանումն է: «Իրականում բազմաբնակարան շենքերի համատիրությունների կառավարման մեջ շատ խորը խնդիրներ կան: Մեր թիմով նաև օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում, պետք է ունենանք այնպիսի կառավարում, որ խնդիրները, որոնք կան շենքերում՝ այլևս չլինեն»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով տրանսպորտի խնդրին՝ նշեց, որ անելիքներ կան նաև այս ոլորտում. «Այս ոլորտում ևս շատ բարեփոխումներ են նախատեսված»:
«Մեր քաղաքացիները պետք է մասնակից լինեն քաղաքապետարանի բոլոր որոշումներին, այն խնդիրներին, որոնք իրենք են բարձրացրել: Մենք կարող ենք միասին մեր փորձառու թիմով կյանքի կոչել այս բոլոր ծրագրերը: Վստահ եղեք, որ մեր երազած Երևանը միասին ենք ստեղծելու, մեր մեծ տունը միասին ենք կառուցելու, եկող սերունդին ավելի լավ Երևան ենք հանձնելու»,- նշեց Տարոն Մարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին