Հայաստանում կներդրվի բժշկական հաշտարարի ինստիտուտ
Առողջապահության նախարարությունում աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին այսօր ներկայացրել է բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման ուղղությամբ նախատեսվող առաջիկա միջոցառումներն ու ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Նախարարին զեկուցվել է, որ բժշկական հաշտարարի ինստիտուտի նեդրման հայեցակարգի նախագիծը մշակելուց առաջ ևս մեկ անգամ կուսումնասիրվի աշխարհի տարբեր երկրների փորձը, ինչպես նաև հաշվի կառնվեն Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու դրանցից բխող զարգացումները։
«Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»,-ասել է Լևոն Ալթունյանը` կարևորելով անկախ մարմնի` բժշկական հաշտարարի արդար և թափանցիկ գործունեությունը։
Լևոն Ալթունյանին ներկայացվել է այդ ուղղությամբ իրավական դաշտի ապահովման նախանշվող զարգացումները։ Նշվել է, որ համաձայն ժամանակացույցի բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման հայեցակարգի նախագիծը պատրաստ կլինի մինչև մայիսի 25-ը։