«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն իր արդյունքին հասել է. ՄԶՄԿ գործադիր տնօրեն
«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրն ամփոփում է 2015-2017թվականններին իրականացրած աշխատանքները: Ծրագրի ամփոփիչ համաժողովում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը նշեց, որ այս երեք տարիների անցած ճանապարհը մարդկային կյանքերի ու արժանապատվության ճանապարհ է եղել:
«Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ այս երեք տարիների յուրաքանչյուր օր կյանք է պարգևել մի աղջկա: Ծրագրի իրականացման արդյունքում ավելի քան հազար աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել, այն աղջիկները, որոնք հավանաբար չէին ծնվելու»,-ասաց Արմեն Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետազոտության տվյալների համաձայն, առանց այս արատավոր երևույթի կանխարգելման, մինչև 2050 թվականը Հայաստանում չէր ծնվելու ավելի քան 80 հազար երեխա միայն այն պատճառով, որ նորածինն աղջիկ էր լինելու:
««Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի (ՄԶՄԿ) «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն»-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն»-ի (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ հնարավորություն ունեցանք մշակելու և իրականություն դարձնելու այն հարթակը, որը երեխայի սեռի խտրականության դեմ պայքարում համատեղեց պետական հասարակական և միջազգային գործընկերներին, կրոնական կազմակերպություններին, համայնքային գործիչներին ու բազմաթիվ մտահոգ մարդկանց»,-ասաց Արմեն Գալստյանը:
ՄԶՄԿ գործադիր տնօրենի խոսքով՝ ծրագրի մշակումից երեք տարի անց կարելի է արձանագրել, որ այն իր արդյունքին հասել է:
«2017 թվականին հրապարակված պաշտոնական վիճակագրության տվյալներով, նորածինների սեռերի համամասնության շեղումը 2011 թվականի համեմատ կրճատվել է ավելի քան 40 տոկոսով, միևնույն ժամանակ 2017 թվականին իրականացված տնային տնտեսությունների քանակական և որակական հետազոտություններում նշանակալի դրական փոփոխություններ են արձանագրում նաև հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և վարքագծի մեջ, որը նույնպես կազմում է շուրջ 40 տոկոս: Հետազոտությունը փաստում է, որ սեռի խտրական ընտրության վրա հիմնական ազդող գործոններից մեկը սոցիալական միջավայրն է, դրանում առկա գենդերային կարծրատիպերը, ուստի այստեղ յուրաքանչյուրս անելիք ունենք՝ այս միջավայրում մեր բաժին փոփոխությունը բերելու գործում»,-նշեց Արմեն Գալստյանը:
Նա հավելեց նաև, որ երկրում այս ընթացքում ծավալվել է աննախադեպ քարոզարշավ. «Հանրապետության մարզերի 22 քաղաքային համայնքներում և Երևանի 3 վարչական շրջաններում ձևավորվեցին քաղաքացիական ակտիվ խմբեր, ավելի քան 660 ակտիվիստների ջանքերով իրականացվեցին 850 հանդիպում և քննարկում համայնքների 10 հազար բնակիչների մասնակցությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին տարիներին փրկել ենք 1200-1400 աղջիկ երեխայի կյանք. «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիր
- «Պտղի սեռը որոշելն արգելող օրենսդրական նախաձեռնությունը կարող է ընդլայնել կոռուպցիայի դաշտը»
- Հայաստանում հնարավոր է արգելվի մինչև 30 շաբաթական ժամկետը իմանալ երեխայի սեռը
- Մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ. ՀԵՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները