Տոկիո կմեկնեն ծանրամարտիկներ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը
Ծանրամարտի մինչև 20 տարեկան աղջիկների Հայաստանի առաջնության ավարտից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գոհունակությամբ նշել է , որ ներկայացուցիչներ կային ինչպես Երևանից ու Գյումրիից, այնպես էլ՝ Վանաձորից, Էջմիածնից, Արմավիրից, Կապանից, Արարատից, Վեդիից.
«Առաջնությունը ցույց տվեց, որ տեղերում աշխատանք տարվում է: Բայց այն կիլոգրամները, որոնք մարզիկներին պետք է միջազգային ասպարեզ դուրս բերեն, հիմնականում Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը ցույց տվեցին: Հենց այդ երկուսն էլ պետք է մեկնեն Տոկիո՝ մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը: Իսկ մյուսները դեռ պետք է շատ աշխատեն, որպեսզի անցնեն միջազգային մրցահարթակ: Դրա համար անհրաժեշտ է ավելի լուրջ աշխատել, ավելացնել հավաքների քանակը, որպեսզի եկող տարի աշխարհի առաջնությունում, որտեղից սկսվում է հաջորդ օլիմպիական խաղերի վարկանիշերի հաշվարկը, մենք, թեկուզ փոքր, բայց միավոր բերող թիմ ունենանք: Ճիշտ է, դեռ մեկուկես տարի կա, բայց ծանրամարտի համար դա շատ քիչ ժամանակ է: Դա նկատի ունեմ՝ ասելով, որ անհրաժեշտ է լուրջ աշխատել»,-ասել է մարզիչը:
Արտաշես Ներսիսյանը հավատում է, որ Հայաստանն աղջիկների իր հասանելիք մեկ տեղն անպայման կունենա նաև եկող տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ մարզիչն ասել է, որ մայիսի 8-ից չորս աղջիկներ՝ Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը, Աննա Գովելյանը և Տաթև Հակոբյանը, իր հետ հավաքի են մեկնում Ուկրաինա, իսկ հավաքականի մարզիչ Արման Ղազարյանը մնում է Հայաստանում և այդ ընթացքում ուսումնամարզական հավաք է անցկացնելու պատանիների և երիտասարդների հետ:
«Աննա Գովելյանը, եթե Ուկրաինայում լավ կիլոգրամներ բարձրացնի, ազգային հավաքականի կազմում այս տարի հանդես կգա մեծահասակների աշխարհի առաջնությունում», - եզրափակել է Արտաշես Ներսիսյանը: