Եվրոպական խորհրդարանը կոչ արեց կասեցնել ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունները
«Եվրոպան չի փակում իր դռները Թուրքիայի առաջ, սակայն վերջին զարգացումները հուշում են, որ պետք է գտնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանն այլընտրանք»,-ասաց ԵՄ Հարևանության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ։
Քննարկման բացմանը խորհրդարանաի նախագահ Անտոնիո Տայանին կոչ արեց Թուրքիային հարգել մարդկանց հիմնարար իրավունքները, որոնք Եվրոպայի հիմքն են հանդիսանում։ Տայանին ընդգծեց, որ Եվրոպան իսլամաֆոբիկ աշխարհամաս չէ ու չի փակում իր դռները թուրք ժողովրդի առաջ։
Քննարկմանը պատգամավորները ևս իրենց մտահոգությունները հայտնեցին Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի հետ կապված, որը ընդլայնեց նախագահի լիազորությունները, ու այն անվանեցին ոչ արդար։ Պատգամավորների մեծամասնությունը կողմ է, որ արդեն ժամանակն է վերագնահատել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները ու դադարեցնել անդամակցության բանակցությունները։
Որոշ պատգամավորներ նշեցին, որ իրենք Թուրքիային երբևէ չեն կարող տեսնել ԵՄ լիիրավ անդամ, որոշներն էլ կարծում էին, որ բավական է կասեցնել բանակցությունները, սակայն հնարավորություն թողնել Թուրքիային փոխել իրադարձությունների ներկայիս ընթացքը։
Պատգամավորների մեծամասնությունը գտնում էր, որ պետք է ակտիվ աջակցություն ցուցաբերել Թուրքիայի քաղաքացիական հասարակությանն ու մենակ չթողնել Թուրքիայի այն 49 տոկոս քաղաքացիներին, ովքեր դեմ էին քվեարկել սահմանադրությանը ու ցանկանում են լինել Եվրոպայի մաս։
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն պետք է սկսի քննարկել Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ ամենամյա զեկույցը մայիսի 2-ին։ Զեկուցող Քեթի Պիրին ևս իր ելույթում կոչ արեց կասեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները, եթե ընդունված սահմանադրական բարեփոխումների փաթեթն իրականացվի առանց փոփոխության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան