ՍԱՊԾ պետը՝ Հայաստանում հայտնված ադրբեջանական խնձորների մասին
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում հայտնված ադրբեջանական ծագման խնձորներին:
Նրա խոսքերով՝ ապրիլի 23-ին ստացված հաղորդագրությունների հիման վրա ՍԱՊԾ-ն շրջայցեր է իրականացրել Երևանի և մարզերի մի շարք իրացման կետերում, որտեղ արձանագրվել են Հայաստանում ադրբեջանական խնձորի առկայության դեպքերը:
«Ստուգայցերը շարունակական գործընթաց են, որոնք կատարվում են ոչ թե մեկ օրվա ընթացքում, այլ կատարվում են հանրապետության ողջ տարածքում: Դրանք սկսվել են ապրիլի 23-ից ու շարունակվում են մինչ օրս։ Արդեն իսկ ամփոփվում են արդյունքները, որի վերաբեյալ համապատասխան հաղորդագրությունները տեղադրված են ծառայության կայքում»,- ասաց նա:
Հարցին, թե ճշտե՞լ են արդյոք՝ որտեղից և ովքեր են ներկրել խնձորները, Իշխան Կարապետյանը պատասխանեց. «Հաշվի առնելով, որ դեպքն արձանագրվել է, ՍԱՊԾ-ը ՊԵԿ-ի հետ ներկայումս իրականացնում է գործողություններ, որպեսզի իրացման վայրերում բացահայտի վերջնական խմբաքանակը, և արդունքներն ամփոփելուց հետո մենք արդեն համատեղ հայտարարություն կանենք: Ներմուծող ընկերություն չկա»:
Դիտարկմանը, թե անհա՞տ է ներմուծել, ՍԱՊԾ պետն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին՝ ինչպես է ներկրվել այդ խնձորը, քանի որ սահմանային հսկողության շրջանակներում ՍԱՊԾ տեղեկատվական բազայով որևէ տեղեկատվություն նշված խմբաքանակի ներկրման վերաբերյալ առկա չէ:
Իշխան Կարապետյանը նշեց նաև, որ օրենսդրությամբ կա թույլտվություն՝ ներկրելու մինչև 50 կիլոգրամ գյուղմթերք՝ ըստ խմբերի։
«Ներկայումս քանակները, որոնք օգտահանվել են շուկայում, համադրվում են, և կատարվում է վերլուծություն Պետական եկամուտների կոմիտեի հետ, և արդյունքներն ամփոփելուց հետո մենք համատեղ հայտարարություն կկատարենք»,- նշեց ՍԱՊԾ պետը:
Նրա խոսքով՝ շրջայցերի շրջանակներում ձեռք են բերել տվյալ խնձորի համապատասխան նմուշներ. «Ապրիլ ամսին այս ոլորտում ինչպես՝ լոլիկի, խնձորի, այնպես էլ՝ այլ ապրանքատեսակների մասով իրականացվում են մոնիտորինգային ծրագրեր, ինչը նշանակում է, որ տարբեր խմբաքանակներից շուկաներից կատարվում են հսկիչ գնումներ, որոնք ներկայումս գտնվում են լաբորատորիայում, և կատարվում է փորձաքննություն: Կարծում եմ, որ երկուշաբթի-երեքշաբթի օրերին արդյունքները կլինեն»:
Հարցին, թե արդյոք սուպերմարկետներից ճշտե՞լ են, թե որտեղից են ձեռք բերել ապրանքը, ՍԱՊԾ պետը պատասխանեց, որ հիմնականում տնտեսվարողները տեղեկատվություն են տալիս, որ գնումը կատարել են շուկայից։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Պիպոյանը ադրբեջանական խնձորով ֆոկուս արեց
- Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել նաև մարզերում
- ՊԵԿ. Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ
- Մալաթիայի գյուղատնտեսական տոնավաճառում այսօր էլ ադրբեջանական խնձորներ են վաճառվում
- Ադրբեջանական խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել. ՍԱՊԾ-ն արձագանքում է
- Երևանյան խանութում այսօր էլ սպառողը ադրբեջանական խնձոր է տեսել
- Պիպոյան. Մինչ այս պահը թուրքական գյուղմթերքի ռիսկի գնահատում չի իրականացվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան