Շուշիի երկրաբանության թանգարանի օտարերկրյա այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում. Ս. Սարյան
Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը անցյալ տարի ունեցել է 3491 այցելու, որոնցից 679-ը եղել են օտարերկրյա զբոսաշրջիկներ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է թանգարանի վարիչ Սարասար Սարյանը և հավելել, որ հատկապես օտարերկրացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թանգարանի նկատմամբ, ովքեր մեկ անգամ տեսնելուց ցանկություն են հայտնում կրկին այցելելու:
Այդ մասին նրանք ոչ միայն արտահայտվում են բանավոր, այլև իրենց հիացական կարծիքներն են գրում տպավորությունների գրքում: Թանգարանում ներկայացված է շուրջ 500 նմուշ, որոնց մի մասը արցախյան գտածոներ են, իսկ մնացածները՝ հիմնականում ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուից՝ բերված աշխարհի շուրջ 40 երկրներից և Ռուսաստանի Դաշնության մոտ 20 երկրամասերից:
«Ցուցադրված նմուշների հիմնական մասն ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հարուստ հավաքածուն է, ով այդ ամենը նվիրաբերել է թանգարանին: Թանգարանի և ցուցադրված նմուշների մասին բացատրությունները օտարերկրյա այցելուներին ներկայացվում են երեք օտար լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն և իսպաներեն»,- ասել է Ս. Սարյանը և հավելել, որ թանգարանում այցելուները հատուկ սարքի միջոցով հնարավորություն ունեն տեսնել գեղեցիկ գունավորում ստացած տարբեր ապարներ և հանքանյութեր, որը ստացվում է նրանց վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների արձակմամբ:
Նրա խոսքով, թանգարանի գործունեության և երկրաբանության հանդեպ հետաքրքրասիրություն կա նաև դպրոցականների շրջանում: «Ունենք կրտսեր և ավագ տարիքի սիրողական խմբակներ, ովքեր գիտելիքների ավելի խորը յուրացման համար շաբաթական 2-3 անգամ այցելում են թանգարան՝ ծանոթանում ցուցադրված նմուշներին, դիտում երկրաբանական թանգարանի պահոցի ուսուցողական տեսաֆիլմեր և լսում դասախոսություններ երկրաբանության թեմաներով: Այս տարի կազմակերպելու ենք երկրաբանության թեմայով մրցույթ-օլիմպիադա, որին մասնակցելու են Շուշի, Ստեփանակերտ քաղաքների և շրջանների դպրոցականները»,- ասել է թանգարանի վարիչը:
Հարակից հրապարակումներ`
- Բարեկարգվում է Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը
- Սերգեյ Շահվերդյան. Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքները համապատասխանում են միջազգային կոնվենցիայի դրույթներին
- Պեղումներ՝ Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում
- Շուշիի կերպարվեստի թանգարանն անցած տարի ունեցել է մոտ 3000 այցելու
- Ստեփանակերտում նոր հուշահամալիր է կառուցվում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին