Այս պահին անտառների կառավարման մակարդակը գնահատում եմ անբավարար. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձարարական տվեց անտառների կառավարման ու ապօրինի անտառահատումների վերաբերյալ:
Վարչապետի խոսքերով՝ վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրաձայնվում անտառների կառավարման, ապօրինի անտառհատումների հետ կապված մտահոգությունները, խնդիրն առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառհատումների դեպքերով։
Ուստի, ըստ Կարեն Կարապետյանի, անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը ու համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին։
«Կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցների կառավարումն ու կառավարման մարմինների փոխկապակցված հետևողական աշխատանքը: Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար»,- նշեց Կարեն Կարապետյանը։
Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը։ Նա նաև հանձնարարեց կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկություններ և գործողությունների ծրագիր, ինչպես նաև ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների և տեխնոլոգիաների ներգրավվման գործողությունների ծրագիր։
«Սերտ համագործակցելով բնապահպանական պետական տեսչության ու իրավապահ մարմինների հետ՝ մշակել ու իրականացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը», - ասաց վարչապետը։
«Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին էլ հանձնարարում եմ մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում բնապահպանական ՀԿ-ների և անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների կապված խնդիրները, քննարկել, վերլուծել և ներկայացնել հաշվետվություն»,- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան