Անար Մամմադլի. Ես լիովին աջակցում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին
«Ես լիովին աջակցում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացին: Ինչ վերաբերում է «Խաղաղության պլատֆորմին», ես հստակ տեղեկություն չունեմ դրա մասին։ Նման կարգի պլատֆորմը պետք է ստեղծվի իրական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրական կամքի ու իրական հետաքրքրությունների հիման վրա։ Նման դեպքերում իմիտացիան տեղին չէ»,-այս մասին Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ասաց ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, 2014թ.-ին ԵԽԽՎ Վացլավ Հավելի մրցանակին արժանացած Անար Մամմադլին՝ պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում Բաքվում ստեղծված կեղծ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության պլատֆորմի» մասին, որում ներառվել են մի քանի հավաքագրված հայեր։
Հարցին, թե արդյոք անգամ իրական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ստեղծված պլատֆորմը կարո՞ղ է աջակցել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, Անար Մամմադլին պատասխանեց, որ դա վերացական է, իսկ իրականում այն կարող է երաշխավորվել, եթե երկրում լինի երկխոսություն իրական քաղաքացիական հասարակության ու կառավարության միջև։
«Իմ երկրում, եթե ես երաշխավորվածություն չունեմ իմ գործունեության համար, անկախ, թե ինչպիսին է այն՝ խաղաղ գործընթաց, մարդու իրավունքներ, ընտրությունների դիտարկում, մենք չենք միջամտի որևէ գործունեության։ Այսպիսի քաղաքական, իրավական միջավայրում, կարծում եմ, ես իմ երկրի անունից կասեմ, շատ դժվար է հայտարարել նման նախաձեռնության մասին։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ մեր երկրում լինի երկխոսություն իրական քաղաքացիական հասարակության կազմակերպություների ու կառավարության միջև»,-ասաց Մամմադլին։
Հարցին, թե հնարավոր չէ արդյոք հասարակության ստորին օղակներից սկսել ու մարդկանց նախապատրաստել խաղաղ լուծման, Մամմադլին ասաց, որ, դժբախտաբար, այս խնդիրների շուրջ իրավիճակը Ադրբեջանում շատ բարդ է, քանի որ Ադրբեջանում եթե անկախ ես, այլընտրանքային քննադատական ձայն ես, շատ հեշտ է սկսել շանտաժային արշավը՝ պրոհայկական, ազգի թշնամի լինելու որակումներով։
«Իմ ընկալմամբ, իրական խաղաղ գործընթացը կարող է գոյություն ունենալ միայն կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև ներքին կայուն երկխոսության դեպքում։ Եթե մենք չենք կարող մեր մտահոգությունները բարձրաձայնել հեռուստատեսությամբ, կառավարության հետ հանդիպման ժամանակ, ինչպե՞ս կարող ենք խոսել մեր արտաքին խնդիրների, արտաքին երկխոսության մասին։ Ինձ համար սա անհավատալի է, անիրական։ Ես միշտ նշում եմ՝ առանց ժողովրդավարական ընտրված խորհրդարանի, դժվար է հասնել որևէ նվաճման, քանի որ եթե խորհրդարանում չկա ազգային ներկայացվածություն, ազգային ձայներ, ինչպե՞ս կարող ես նախաձեռնել որևէ խաղաղ համաձայնագիր, որևէ փոխզիջում։ Սրանք շատ լուրջ քայլեր են, իսկ լուրջ քայլեր կատարելու համար շատ կարևոր է ունենալ ներքին ժողովրդավարություն։ Ես այդպես եմ կարծում»,-ասաց Մամմադլին։
Հարցին, թե ինչպես է բացատրում հանգամանքը, որ Ադրբեջանում մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության վատ վիճակը իշխանությունները հաճախ կապում են Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածության հետ, արդյո՞ք կա այն, թե ուղղակի պատրվակ է, Մամմադլին ասաց, որ Ադրբեջանում երկար տարիներ կան շատ կազմակերպություններ, որոնք մեծ աշխատանք են տարել փախստականների, տեղահանվածների հարցերով և այլն, որոնք համագործակցում էին միջազգային կազմակերպությունների հետ, սակայն վերջին հետապնդումներից հետո նրանց գործունեությունը ևս դադարել է։ Անար Մամմադլին ասաց, որ այո՛, այդ «բացատրությունը» որոշ պաշտոնյաների կողմից օգտագործվում է, բայց դա նորմալ ու հիմնավորված բացատրություն չէ։
Հիշեցնենք, որ Անար Մամմադլին հիմնադրել ու ղեկավարում էր Ադրբեջանում «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնը»։
2001թ․-ից նրա հիմնադրած «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնն» իրականացնում էր Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգը։ Կենտրոնը դիտարկել էր նաև 2013թ․-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններն ու քննադատել այն։ Մամմադլին ձերբակալվեց 2013թ.-ի դեկտեմբերին։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրեցին «իշխանության չարաշահման» և մի շարք այլ հոդվածներով ու դատապարտեցին հինգ ու կես տարվա ազատազրկման՝ 2014թ․-ի մայիսին։ Միջազգային ճնշման արդյունքում 2016թ.-ի մարտի 17-ին Մամմադլին նախագահի ներման շնորհիվ ազատ արձակվեց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան