Բահչելին՝ մոնիտորինգի որոշման մասին. «ԵԽԽՎ-ն դեռ շատ թանկ կվճարի սրա համար»
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Թուրքիային կրկին մոնիտորինգի ենթարկելու մասին որոշմանը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Բահչելին կարծիք է հայտնել, որ Թուրքիան հասել է մի շրջադարձային կետի, երբ անհրաժեշտ է բազմակողմանիորեն վերանայել Եվրոպայի հետ հարաբերությունները:
Ըստ ընդդիմադիր գործչի՝ «Եվրոպան անպատասխան չի մնա և շատ թանկ կվճարի Թուրքիային մերժելու և անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար»:
Բահչելին հրապարակել է մի գրավոր հայտարարություն, որում ԵԽԽՎ որոշումը բնութագրել է որպես Թուրքիայի վերաբերյալ կանխակալ կարծիքի և հիվանդագին դիրքորոշումների արգասիք: Նա հայտարարել է, որ այդ որոշումն անարադար ու անհիմն է, հետևաբար Թուրքիայի համար այն «առ ոչինչ է»:
Բահչելին մեղադրել է Եվրոպային՝ Թուրքիայի նկատմամբ թշնամական և ազգայնամոլական վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
«Ազգայնական շարժում կուսակցությունը լիովին կաջակցի կառավարության՝ Եվրոպայի հետ հարաբերությունների վերանայման արդյունքում ընդունած որոշումներին և ձեռնարկվելիք բոլոր քայլերին», - եզրափակել է ընդդիմադիր առաջնորդը:
Ապրիլի 25-ին կայացած նիստում ԵԽԽՎ-ն հաստատել էր Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերսկսման մասին առաջարկությունը: Թուրքիան մոնիտորինգի էր ենթարկվել նաև 1996 - 2004 թթ. և աշխարհում առաջին երկիրն է, որտեղ մեկ անգամ դադարեցվելուց հետո ԵԽԽՎ մոնիտորինգը կրկին գործարկվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին