Քաղաքապետ ընտրվելու դեպքում Փաշինյանը խոստանում է երթևեկել հասարակական տրանսպորտով
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Ելք»-ը վերահսկելու է բոլոր ընտրատեղամասերը՝ ապահովելու մայարաքաղաքի բնակիչների ազատ և գաղտնի ընտրելու իրավունքը։ «Ելք» դաշինքի՝ Արաբկիրում այսօր կայացած քարոզարշավի ընթացքում այս մասին ասաց ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը։
«Դուք ձեր մեկ քվեով կարող եք շեշտակի փոփոխություն բերել Հայաստանին։ Ուստի ընտրությունների օրը դուխով գնացեք ընտրատեղմասեր և ձեր ձայնը տվեց «Ելք» դաշինքին՝ հանուն ինքներդ ձեզ և Երևանի։ Կարևորեք ձեր քվեն, որով կարող եք շեշտակի փոփոխություններ բերել ոչ միայն քաղաքամայր Երևանում, այլ ամբողջ Հայաստանում»,- մայրաքաղաքի բնակիչներին դիմելով՝ ասաց նա։
Արայիկ Հարությունյանի խոսքով, Երևանի գրագետ կառավարման համար անհրաժեշտ է ունենալ գրագետ մասնագետներ։
Ավագանու մեկ այլ թեկնածու Վիկտոր Ենգիբարյանն էլ իր հերթին նկատեց, որ Ելքը պատրաստ է ստանձնելու Երևանի կառավարման պատասխանատվությունը։
«Դրա համար էլ ձեզ կոչ ենք անում, որ մայիսի 14-ին պարզ ճակատով գնաք ընտրատեղամաս և ասեք՝ «Երևան ջան, ելք կա»։ Երբ մենք ուշացնում ենք գույքահարկը, մեզ տուգանում են։ Մեր առաջարկն է մայիսի 14-ին գնալ ընտրատեղամասեր և այնտեղ տուգանել ՀՀԿ-ին՝ այս քանդված փողոցների և տգեղ բակերի համար»,- ասաց նա։
«Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք մայրաքաղաքում կապիտալ ներդրումների համար միջոցներ չեն ձևավորվել։
Հարցին, եթե Երևանի քաղաքապետ ընտրվի, տրանսպորտով է երթևեկելու, նա պատասխանեց. «Եթե քաղաքապետը հասարակական տրանսպորտ չնստի, ինչպես կպատկերացնի ոլորտի խնդիրները»։
Նիկոլ Փաշինյանը նաև բարձր գնահատեց «Ելք»-ի հնարավորությունները՝ շեշետլով, որ բոլոր վարչական շրջաններում էլ իրենց լավ են դիմավորում։
«Եթե այդ ողջույնները դառնան քվե, մենք հաղթելու ենք»,- նկատեց նա։