Լեհ հնագետները նկարահանել-սկանավորել են Մեծամորի հնավայրի տարածքը
Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի արշավախմբերն աշխատում են ոչ միայն Մեծամորի հնավայրում, այլև Արտաշատում։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ինստիտուտի երկրորդ արշավախումբն այս տարի ևս ուսումնասիրել է Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատի տարածքի այն հատվածը, որտեղ 1970-ական թվականներին հայտնաբերվել էր Տրոյանոսի հայտնի լատինատառ արձանագրությունը, որտեղ խոսվում է Արտաշատ քաղաքում հռոմեական լեգեոն թողնելու մասին։
Արձանագրությունը հրատարակված է, սակայն դրա գտնվելու վայրը մանրակրկիտ ուսումնասիրված չէ։ Փաստով հետաքրքրված են լեհ հնագետները, որովհետև եթե լեգեոնը կայանել է Արտաշատի մոտ, ապա այդ տարածքում պետք է որ պահպանված լինեին նաև կայատանեղի-ճամբարի մնացորդները։ Լեհական երկրորդ աշավախումբն վերջերս աշխատել է այդ հատվածում. հատուկ սարքերի միջոցով վերևից նկարահանել-սկանավորել է տարածքը, ինչը հնարավորություն է տվել ավելի ստույգ տեղորոշելու խնդրո առարկա կառույցի մնացորդները։
Քանի որ հայ-լեհական համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, հետևաբար լեհական կողմն առաջարկել է Մեծամոր հնավայրում, մասնավորապես միջնաբերդում, պեղված քաղաքային թաղամասում, բլրի հարավարևելյան լանջին և դամբարանադաշտում ևս իրականացնել նմանօրինակ նկարահանումներ։ ՊՈԱԿ-ի գիտնական -քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի կարծիքով, այն հատվածում, որտեղ պեղումներ դեռ չեն արվել, այդ նկարահանումները հնարավություն են տալիս որոշակի տեղեկատվություն ստանալ ստորգետնյա կառույցների մասին։
«Այս աշխատանքները մեզ հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ աշխատել կոնկրետ տարածքում և եզրակացնել, թե մոտավորապես հնավայրի որ հատվածում կարող են կառույցների մնացորդներ պահպանված լինել։ Հենց այդ ուսումնասիրության շնորհիվ էլ 2017 թ. աշնանը Մեծամորի հայ-լեհական հնագիտական աշխավախումբը ավելի արդյունավետ կաշխատի քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում», -ասել է Ա.Փիլիպոսյանը։
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Մեծամորն այսօր Մերձավոր Արևելքի ամենաբարձր չափանիշներն ունեցող հուշարձաններից է. հնագետ
- Մեծամորի երկու հատվածում այս տարի պեղումներ են իրականացվելու
- Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում գտնված կարասներից երկուսը վերականգնվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան