Արտգործնախարարները վաղվա հանդիպմանը քննարկելու միայն մեկ հարց ունեն. Սերգեյ Մինասյան
Վաղը Մոսկվայում կանալիք Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով եռակողմ հանդիպման առանցքը կարող է լինել շփման գծում վստահության մեխանիզմների շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«Սա մի հարց է, որին Ադրբեջանը համաձայնություն էր տվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո։ Հարց, որի շուրջ համընկնում են Հայաստանի, Ռուսաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները։ Կարծում եմ, որ եթե վստահության մեխանիզմների ներդրման առումով որևէ ձեռքբերում չլինի, ապա բուն բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի լինելու։ Ավելին՝ հակամարտ կողմերի բանակցություններն իմաստ չունեն, քանի դեռ Ադրբեջանն այս հարցի շուրջ համաձայնություն չի հայտնել»,- ընդգծեց քաղաքագետը։
Սերգեյ Մինասյանը նկատեց՝ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում՝ հակամարտության շփման գծում վստահության մեխանիզմների ներդրաման ուղղությամբ։
«Իհարկե, վաղվա հանդիպմանը կարող է ոչինչ էլ տեղի չունենալ, կամ էլ, հնարավոր է, Ադրբեջանը ժողովրդավարական դիվանագիտության ժեստեր անի՝ ժամանակավորապես լիցքաթափելու լարվածությունը, սակայն հասկանալի է՝ միակ բանը, որ միջազգային հանրությունը սպասում է նրանից, սահմանին վստահության մեխանիզմների ներդրումն է»,- ամփոփեց Սերգեյ Մինասյանը։
Հիշեցնենք, որ Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով: Հանդիպման նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկումն է:
Հարակից հրապարակումներ`
- Նախարաների եռակողմ հանդիպումը՝ ապրիլի 28-ին
- Ժամկետային զինծառայող է մահացել
- Լավրով. «Արտաքին խաղացողները» տրամադրված են կողմերի միջև փոխզիջումներ գտնել
- Արցախ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել