Արտակ Գաբոյան. Հետիոտնի անցումին կայանած մեքենաները անհնար են դարձնում հեծանվորդի տեղաշարժը
Մայրաքաղաքի մայթերն ու փողոցներն օր օրի ավելի դժվարանացանելի են դառնում հետիոտնի համար: Վիճակն ավելի դժվար է հեծանվորդների, անվասայլակով մադկանց ու մանկասայլակով ծնողների համար:
Շատ դեպքերում հետիոտնի համար սահմանված անցումով փողոց հատելն անհնար են դարձնում հետիոտնի անցումի վրա կայանած մեքենաները:
Երևանի բնակիչ Արտակ Գաբոյանը, ով հիմնականում երթևեկում է հեծանիվով, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բազմիցս դիմել է ՃՈ: Աշխատակիցները եկել են, կայանած մեքենա հանել, սակայն քիչ անց դրա փոխարեն մեկ ուրիշ մեքենա է կանգնել:
Մեկ տարի առաջ նա գրավոր նամակ է ուղարկել ոստիկանություն՝ առաջարկելով խնդրի լուծման համար տեսախցիկ տեղադրել Չարենց-Նալբանդյան խաչմերուկում: Ոստիկանությունից պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում:
Քաղաքացին մտադիր է մեկ անգամ էլ դիմել:
«Նախ անցումի վրա կայանելն օրենքով արգելված է: Հետո հետիոտնի համար հեշտ է, կարող է կայանած մեքենաների արանքով անցնել, մայթից դուրս գալ փողոց: Բայց հեծանվորդի համար շատ դժվար է, պետք է գրկեմ հեծանիվն ու անցնելու տեղ փնտրեմ: Բայցի այդ, խաչմերուկի վրա կայանած մեքենաները փակում են երթևեկության մասնակիցների տեսադաշտը»,-խնդիրները ներկայացրեց Ա. Գաբոյանը:
Հիշեցնենք, որ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ տուգանվում է 20 հազար դրամով:
Օրենքը պահանջում է կայանել անցումից 5 մետր հեռու։
Լուսանկարները Panorama.am-ին տրամադրել է Արտակ Գաբոյանը: Դրանք արվել են տարբեր օրերի Չարենցի փողոցում և Իսակովի պողոտայում՝ ՃՈ շենքի հարևանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան