Լիբանանցի նախարար. Հայաստանն իսկապես ունի ներդրումային գրավչություններ, և կարող է հետաքրքիր լինել ներդրողների համար
«Հայաստանն իսկապես ունի ներդրումային գրավչություններ, և կարող է հետաքրքիր լինել ներդրողների համար: Պարոն նախարար, հրավիրում եմ Ձեզ և Ձեր թիմին Լիբանան և առաջարկում եմ իրականացնել համատեղ ներդրումային համաժողով` լիբանանցի գործարարներին և ներդրողներին ներկայացնելու Հայաստանի ներդրումային ներուժը և հաստատելու գործարար կապեր»:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը նման առարաջկ է ներկայացրել Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը:
«Սա կարող է մեր երկու երկրների տնտեսական կապերի զարգացման ևս մեկ հիանալի հնարավորություն լինել: Այն ամենը, ինչ դուք այսօր ներկայացրեցիք, շատ հետաքրքիր կլինի լիբանանցի ներդրողներին։ Հայաստանում ներդրվել են մեխանիզմներ՝ հեշտացնելու մասնավոր ներդրումները»,-ասել է Երևան ժամանած նախարարը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սուրեն Կարայանը և Միշել Ֆարաոնն այսօր ստորագրել են նախարարությունների միջև համագործակցության հուշագիր: Հուշագիրը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի սերտացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
Մասնավորապես նախատեսվում է փոխգործակցության ակտիվացում փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության, ներդրումների խրախուսման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և այլ ուղղություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին