Փոստանջյանին կընտրեն բողոքավորները, Փաշինյանին՝ ՀՀԿ-ից հոգնածները. Վիգեն Հակոբյան
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն ընթանում է ըստ սցենարի, մասնակիցների մարտավարությունը բխում է նրանց ռեալ հնարավորություններից և ունեցած ընտրազանգվածից։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«ՀՀԿ-ն, ինչեպես ավագանու անցած ընտրություններին, նախընտրում է անցել բակից բակ և շփվել ընտրողների հետ։ Որպես գործող իշխանություն՝ Տարոն Մարգարյանի մարտավարությունը կազմված է հաշվետվությունից։ Կարծում եմ՝ նա այցելում է նախևառաջ այն վայրերը, որտեղ մինչ այժմ գործ է արվել։ Քաղաքապետի հիմնական ուղերձը հետևյալն է՝ ձայն տվեք, որ կարողանամ շարունակել պաշտոնավարել»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա քանի որ ԱԺ ընտրութունների ժամանակ նա կարողացել է ամրապնդել առաջին ընդդիմադիրի կարգավիճակը, այժմ էլ, Վիգեն Հակոբյանի խոսքով, շարունակում է քարոզարշավն իրականացնել այդ բարձունքից։
«Այժմ «Ելք»-ի խնդիրն է իր շուրջ կոնսոլիդացնել ամբողջ ընդդիմադիր ընտրազանգվածը, առավել ևս, որ դրա համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Սա, նախևառաջ, այն պատճառով, որ ընտրություններին չի մասնակցում «Ծառուկյան դաշինքը»։ Գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն մեծաքանակ ընդդիմադիր ընտրազանգված էր կլանել»,- նկատեց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ դաշինքը քարոզարշավի բավական կրեատիվ մոտեցումներ է մշակել։
Անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական կամպանիային՝ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ քաղաքական ուժի գլխավոր խնդիրն, այնուամենայնիվ, շնորհանդեսն է։ «Կուսակցվությունը պետք է փորձի ճանաչելի դարձնել իր բրենդը։ Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի կերպարը՝ այն պետք է հանդես գա առավել արմատական կարգախոսներով, կարողանա երևանցիներին մայրաքաղաքի այլընտրանքային զարգացման ծրագիր ներկայացնել»,- նկատեց նա։
Հարցին՝ ինչպիսի առանձնահատկություններ ունեն քաղաքական 3 ուժերի ընտրազանգավածները, Վիգեն Հակոբյանը պատասխանեց.
««Երկիր ծիրանիին» քվե կտա առավել արմատական, բողոքական զանգվածը, որի համար առավել դոմինանտ լինելու է քաղաքական բաղադրիչը։ «Ելք»-ի պարագայում ընտրազանգվածը միքսված է լինելու։ Նա փորձելու է իր կողմը գրավել ինչպես արմատական ընդդիմադիրներին, այպես էլ ՀՀԿ-ից հոգնած ընտրազանգվածին։
Ինչ վերաբերում է պոտենցիալ 15-20 տոկոս ընտրազանգված ունեցող ՀՀԿ-ին, ապա գործող քաղաքային իշխանությանը կողմ են քվեարկելու մարդիկ, ովքեր թեև բողոքում են նույն իշխանությունից, սակայն այլընտրանք չեն տեսնում։ Հանրապետականին կողմ են քվեարկելու իրենց կարգավիճակի կայունության մասին մտածող քաղաքացիները։ Այս խմբի ընտրողներն առաջնորդվում են «ՀՀԿ-ն գոնե կանխատեսելի է» կարգախոսով»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու ընտրությունները կանխատեսելի կլինեն. քաղաքագետ
- Տարոն Մարգարյանը լուրջ փորձություն չի համարում ընդդիմադիր ուժերի հետ Երևանի ավագանիում աշխատելու հեռանկարը
- Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գլխավոր դատախազությունում կգործի թեժ գիծ
- Երևանի ավագանու ընտրություններն ավելի պասիվ կլինեն. Հովհաննես Իգիթյան
- Երևանցիները՝ քաղաքի խնդիրների և ավագանու ընտրություններից սպասելիքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին