Քուրդ քաղաքական գործիչ. «Էրդողանը մի նոր Էնվեր փաշա է»
Դիարբեքիրում 2007թ. հիմնված «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» (ԺՀԿ-DTK) համանախագահ, քաղաքական գործիչ Հաթիփ Դիջլեն քրդերի դեմ Թուրքիայի կառավարության ներկայիս գործողությունները նմանեցրել է հայերի դեմ 100 տարի առաջ երիտթուրքերի վարած քաղաքականության հետ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին Դիջլեն ասել է Գերմանիայում տեղի ունեցած «Թուրքիայի ընթացքը. նախագահական համակարգի ճնգնաժամը» խորագրով կոնֆերանսի ժամանակ:
Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` երկրի ներսում վարած քաղաքականության մասին, ասել է. «Էրդողանը մի նոր Էնվեր փաշա է: Նա վերաստեղծում է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամների երազանքը»:
Քուրդ քաղաքական գործիչը պատահականություն չի համարել, որ Թուրքիան հենց ապրիլի 24-ին ռազմական գործողություն իրականացրեց Սիրիայի Ռոժավա քաղաքի և Իրաքի Շենգալ շրջանի ուղղությամբ, որոնք մեծ մասամբ քրդաբնակ են. «Ըստ էության մի նոր պատերազմ սկսելու մասին հայտարարեց»:
Աղբյուրը հիշեցնում է, որ DTK-ն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել: Որտեղ մասնավորապես ասվում էր, որ պատմության ընթացքում թուրքական պետության վարած «մեկ պետություն, մեկ ազգ, մեկ լեզու» քաղաքականության հետևանքով Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդները ենթարկվել են ցեղասպանության և ասիմիլացիայի: Այդ գործընթացը շարունակվում է նաև, ցավոք, հիմա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան