Թուրքական դատարանը մեջլիսի հայ պատգամավորին վիրավորած անձին անպատիժ է թողել
Անկարայի քրեական դատարանը մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանին վիրավորելու գործով սկանդալային որոշում է կայացրել:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Cumhuriyet» թերթի կայքին, գրում է, որ դատարանն ընդունել է, որ քաղաքացի Իբրահիմ Քափլանի գրությունը Դողանին նվաստացնելու ու պատիվն արատավորելու նպատակ է ունեցել և վիրավորական տարրեր է պարունակել, սակայն Քափլանի նկատմամբ պատիժ չի սահմանել: Դատավոր Նեջդեթ Շահինը գտել է, որ «պատժ սահմանելու կարիք չկա»: Իսկ որոշումը հիմնավորել է այն բանով, որ դեպքից 2 ամիս անց հայ պատգամավորը «օրնքին հակասող» գրություն է թողել Twitter-ում` այն համարելով փոխադարձ վիրավորանք:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ «Facebook» սոցցանցում իր տեղադրած տեսանյութի տակ կասկածյալ Քափլանը թողել էր հետևյալ գրությունը.
«Դուք անբարոյական եք: Հիմա էլ բացեիբաց հայերին բյուզանդացիների ժառանգորդ եք դարձնում: Կարծում եք` բյուզանդացիների թոռները ողջ են, իսկ Սուլթան Ֆաթիհի (Բյուզանդիան գրաված սուլթան Մեհմեդ 2-րդ-խմբ.) թոռները մահացե՞լ են, անբարոյականներ»:
Այս գրությունից 2 ամիս անց 2016-ի մարտի 13-ին Թուրքիայում մահապարտ կնոջ իրականացրած պայթյունի կապակցությամբ Դողանը գրել էր հետևյալը. «Քանի դեռ չի խոսվում 1992 թվականին ծնված կնոջ կողմից իրեն պայթեցնելով շուրջը մահ սփռելու պատճառների մասին, ահաբեկչության դեմ պայքարը սուտ է»:
Դատավորը հայ պատգամավորի այս գրությունը համարել է մեղադրյալին ուղղված փոխադարձ վիրավորանք և Քափլանին ազատել պատիժը կրելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին