ԱԳՆ. Մոսկվայում նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները
Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ:
Ըստ աղբյուրի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Կայացել է մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում ավարտվել է նախարարների հանդիպումը
- Մինսկի խումբը կմասնակցի Հաայստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը
- Արտգործնախարարները վաղվա հանդիպմանը քննարկելու միայն մեկ հարց ունեն. Սերգեյ Մինասյան
- Նախարաների եռակողմ հանդիպումը՝ ապրիլի 28-ին