Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծ
Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ այսօր Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նախագիծ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 27-ին, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նախագծի գեղարվեստական ղեկավար, իտալացի դաշնակահար, դիրիժոր Լուկա Ֆերինին նշել է, որ նոր նախագծով կփորձեն որևէ ներդրում ունենալ խաղաղության պահպանման գործում:
«Մեր գործը երաժշտություն ներկայացնելն է, իսկ դուք լսում եք և խաղաղություն բերում, քանի որ այս գործընթացի մի կողմն եք: Եթե հնարավորություն լինի արվեստը զարգացնելու, ապա, կարծում եմ, խաղաղություն հաստատելու և պահպանելու համար արվեստը լավագույն միջոցն է»,- ասել է Լ. Ֆերինին:
Արցախ է եկել նաև բելգիահայ հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը:
«Սա իմ առաջին այցն է Արցախ, և ես հիացած եմ: Նկարներով տեսել էի, բայց իրականում ավելի լավ է: Ես շրջել եմ Ստեփանակերտի փողոցներով և լուսանկարվել հայ հերոսների հուշարձանների մոտ: Եկել եմ տեսնելու հիասքանչ երկիր Արցախը»,- ասել է նա:
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում նշել է, որ ապրիլի 27-ին մեկնարկող նոր նախագիծը շատ կարևոր է և այն նվիրված է խաղաղությանը:
«Բոլորս գիտենք, թե մեկ տարի առաջ ինչպիսի իրավիճակ էր Արցախում, և այդ օրերին մեր բարեկամները մտածում էին ոչ միայն զենքով օգնել Արցախին, այլ հենց այդ օրերին Սևակ Ավանեսյանի հետ մենք խորհրդակցում էինք արցախցի երեխաների համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու մասին: Նախագիծը հետաքրքիր է նաև, քանի որ ապացուցում է, որ յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ լինելով Արցախում՝ հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում այս երկիրը, ինչ ժողովուրդ է ապրում և ինչ արժեքներով: Նույնը եղավ Լուկա Ֆերինիի հետ, ով 2 անգամ մասնակցեց «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնին և դարձավ Արցախի բարեկամը»,- մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը և նշել, որ այս ծրագրի շրջանակներում պարբերաբար Արցախում տեսնելու են նոր արվեստագետներ, ովքեր հնարավորություն են տալու հաղորդակցվելու իրենց արվեստի հետ:
Ծրագրի շրջանակներում` ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի և կլարնետի վարպետության դասեր: Ապրիլի 30-ին տեղի կունենա նախագծի փակման արարողությունը, որը կեզրափակվի Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայանալիք համերգային ծրագրով:
Հարակից հրապարակումներ`
- «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոն` Արցախում
- Արցախը բոլորին հրավիրում է երաժշտության տոնին` ՏՆՋՐԵ» փառատոնին
- «ՏՆՋՐԵ». դասական երաժշտության պատանի կատարողների միջազգային փառատոն՝ Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին