ԵՏՄ գազի ընդհանուր շուկայից կշահեն Հայաստանը և Բելառուսը. ռուս փորձագետ
ԵՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը կբերի Հայաստանում և Բելառուսում գազի գների նվազեցմանը: Այս մասին EADaily-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ռուսական Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Իգոր Յուշկովը՝ մեկնաբանելով օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած նախագծի շահավետությունը գազ ներմուծող երկրների համար:
«Գազի միասնական շուկայի ստեղծումը, հավանաբար կբերի Հայաստանի և Բելառուսի համար գազի գնի նվազեցմանը: Այլընտրանքային տարբերակը կլիներ ռուսական և ղազախական շուկաներում գազի գնի բարձրացումը, որպեսզի սակագները հավասարվեին: Սակայն ռուսական իշխանությունները չեն կարող գնալ գազի գնի կտրուկ բարձրացմանը, քանի որ դա կբերի սոցիալական լարվածության», - ասել է Իգոր Յուշկովը:
Մասնագետի մեկնաբանությամբ՝ ներկրող երկրները կշահեն նաև նրանից, որ կմեծանա մատակարարող երկրների միջև մրցակցությունը: Միասնական գազի շուկան ենթադրում է գազի ազատ առքուվաճառք անդամ երկրների միջև, ինչից հետևում է, որ Հայաստանը և Բելառուսը կարող են գազ ներկրել նաև Ղազախստանից:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք գազի միասնական շուկան կթեթևացնի Հայաստանի էներգետիկ շրջափակման հետևանքները, մասնագետը պատասխանել է. «Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի և Վրաստանի միջև աշխատանքային հարաբերությունների պահպանումը, քանի որ այդ երկրի տարածքով է իրականացվում գազամատակարարումը: Հայաստանի համար մեկ այլ առանցքային հարց է ռուսական գազի գինը: Բնականաբար, Հայաստանին ձեռնտու կլինի գազի միասնական շուկայի պայմաններում ստանալ ավելի էժան գնով գազ»:
Ի. Յուշկովը նաև նշել է, որ այդքան էլ լավ չի հասկանում Հյուսիս-Հարավ գազային միջանցքի իմաստը, քանի որ Ռուսաստանը և Իրանը գազի շուկայում մրցակիցներ են:
«Այո, Հայաստանը և Վրաստանը հետաքրքրված կարող են լինել Իրանից գազի մատակարարմամբ: Սակայն միայն այն դեպքում, երբ այն ավելի էժան կլինի ռուսականից: Սակայն դա ակնհայտորեն չի լինի: Թեհրանն արդեն իսկ սակագնի հարցով դատական գործընթացների մեջ է մի շարք սպառողների հետ: Իրանը չի ցանկանում իր հումքը էժան գնով վաճառել, քանի որ գազատրանսպորտային համակարգի զարգացման համար դրամական միջոցների կարիք ունի», - կարծիք է հայտնել մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին