«9 ամիս» պիեսը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում
Ապրիլի 29 և 30-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Սերգեյ Շևչենկոյի և Ալեքսեյ Կուլիչկովի «9 ամիս» պիեսը:
Թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, բեմադրիչն է Նորա Գրիգորյանը: Սա հղի կանանց մասին վերբատիմ ժանրի պիես է՝ հիմնված իրական փաստերի վրա:
«Վերբատիմը Հայաստանում այդքան էլ զարգացած ժանր չէ, սակայն իր բնույթով շատ հետաքրքիր է: Ներկայացման մտահղացումը ծնվեց, երբ սպասում էի զույգ բալիկներիս լույս աշխարհ գալուն: Բայց իմ բեմադրության մեջ հղիների դերը խաղում են տղամարդ դերասաններ»,- պատմել է Նորա Գրիգորյանը:
Պիեսում կանանց հուզող շատ հարցեր են արծարծված:
«Փորձել եմ, ինչպես ասում են, չանցնել թույլատրելիի սահմանը: Դերասանների հետ աշխատելիս միակ դժվարությունն այն էր, որ, բնականաբար, նրանցից ոչ մեկը չի ապրել այն զգացողությունները, որոնք ունենում են հղի կինը: Առաջնածին հղիի դերը, որ ներկայացման գլխավոր հերոսն է, վստահել եմ ամուսնուս՝ Էրվին Ամիրյանին: Եվ, ինչպես կատակով սիրում եմ ասել, «վրեժ եմ լուծել», թող ինքն էլ իմանա, թե ինչ է հղի լինելը, անցնի այն դժվարությունների միջով ու զգա իմ ունեցած ապրումները»,- նշել է բեմադրիչը:
Նորա Գրիգորյանն անհամբեր սպասում է հայրիկի՝ Ալեքսանդր Գրիգորյանի գնահատականին, որն իր համար շատ կարևոր է:
«Հուսամ՝ հայրիկիս դուր կգան թե´ դերասանական խաղը, թե´ ռեժիսորական լուծումները, թե´ մտահղացումը»,- ասում է նա:
Ներկայացման մեջ խաղում են ՀՀ վաստակավոր արտիստներ Ֆրեդ Դավթյանը (Բուժքույր), Սերգեյ Մագալյանը (Մեծահասակ ծննդաբերող), Ռոբերտ Հակոբյանը (Կրկնակի ծննդաբերող), Արման Ղազարյանն (VIP ծննդաբերող), դերասաններ Մանվել Խաչատրյանը (Անսպասելի հղիացած) և Սերգեյ Գրիգորյանը (Սպասողական վիճակում գտնվող): Պարերի բեմադրիչն է Նունե Կիրակոսյանը: Երաժշտական ձևավորումն ու բեմանկարչությունն իրականցրել է Նորա Գրիգորյանը:
Լուսանկարները՝ թատրոնի ֆեյսբուքյան էջից: