Էլեկտրոնային ծառայություններն էականորեն նվազեցնելու են կոռուպցիոն ռիսկերը. Ա. Ասատրյան
Սոցիալական պաշտպանության ոլորտում ընդլայնվելու են էլեկտրոնային ծառայությունները, ինչը էականորեն նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը, ակնհայտորեն բարձրացնելու է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մեր մոտեցումը հետևյալն է՝ նախատեսում ենք բոլոր տիպի վճարումների համար ձևավորել մեկ միասնական մարմին, որի ստեղծումը հիմնված է լինելու բացառապես էլեկտրոնային համակարգի գործարկման միջոցով աշխատանքները կատարելու վրա»,- նշեց նախարարը՝ տեղեկացնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտին 2017 թվականի բյուջեով հատկացված 366,4 միլիարդ դրամից 351,6 միլիարդը դրամական տիպի վճարումներն են:
Նա հիշեցրեց 2016 թվականի դեկտեմբերից ներդրված երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմումի ենթահամակարգի, ՀՀ ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակության համակարգի և այլ ծրագրերի մասին, ապա հավելեց. «Քաղաքացին իր սոցիալական իրավունքից, կոնկրետ դեպքում դրամական վճար, պետք է օգտվի առանց տանից դուրս գալու, առանց ավելորդ շփումների, առանց որևէ խնդրի, որը շատ կարևոր է հակակոռուպցիոն ուղղվածության հետ կապված»:
Հարակից հրապարակումներ`
- Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ նախատեսված չեն. նախարար
- Սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն