«ԼՊԿ». Ադրբեջանի կառավարությունը արգելափակում է անկախ մամուլը
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ Ադրբեջանի կառավարությունը դատական շինծու գործեր հարուցելով պատրաստվում է երկրում մշտապես արգելափակել հինգ անկախ լրատվականներ:
Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, Ադրբեջանի կառավարությունը Բաքվի շրջանային դատարանի միջոցով փորձում է ինտերնետ մատակարարներին պարտադրել փակել «Azadliq» առցանց պարբերականի, «MeydanTV» գործակալության, «Ազատություն» Ռ/Կ ադրբեջանական ծառայության, ինչպես նաև «Azerbaycan Saati»-ի և «Turan TV»-ի առցանց վիդեոալիքներին հասանելիությունը՝ պատճառաբանելով երկրի ազգային անվտանգության ապահովման նկատառումներով:
«MeydanTV» գործակալության փաստաբան Էլչին Սադիգովը նշել է, որ եթե հետևենք կառավարության պատճառաբանությանը, թե այս լրատվամիջոցները սպառնում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը, ապա կստացվի, որ առհասարակ ողջ աշխարհը պետք է անհանգստանա Ադրբեջանի ազգային անվտանգության այդչափ փխրուն լինելով:
«Եթե դատարանը հօգուտ կառավարության պահանջի կայացնի վճիռ, ինչը լրիվ հավանական է, ապա այդ կերպ կառավարությանը հնարավորություն կտրվի դատական հետապնդումներ սկսել բոլոր անկախ լրագրողների հանդեպ»,- նշել է Էլչին Սադիգովը:
«Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն» կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անմիջապես դադարեցնել դատական գործընթացները և չեղարկել այն որոշումը, որով վերը նշված տեղեկատվական ռեսուրսներին հասանելիությունը ժամանակավորապես արգելափակված է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում