Հնդիկ զբոսաշրջիկը հեռախոսում պահում է Մհեր Մկրտչյանի նկարը
«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում Գյումրիում գործող «Մհեր Մկրտչյան» թանգարանում բացվելու է «Տխուր տիկնիկների երթ» խորագրով ցուցահանդես: Panorama.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանն ասաց, որ տիկնիկներն իրենց համար խորհրդանշական նշանակություն ունեն, քանի որ կապված են Մհեր Մկրտչյանի տիկնիկի հետ:
«Մհեր Մկրտչյանն ունեցել է մի փոքրիկ տիկնիկ-խամաճիկ, երկրորդ ես-ն է համարել, միշտ զրուցել է տիկնիկի հետ, բացասականը տվել, դրականը ստանալով՝ շարունակել ապրել, արարել: Տիկնիկը մեզ է նվիրել դերասանի թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը: Նվիրելու ժամանակ խորը հուզմունք ապրեց, ասաց, որ տիկնիկը պապիկի հոգու ընկերն է եղել, երանի խոսել իմանար, շատ բան կպատմեր պապիկի մասին»,- ասաց թանգարանի տնօրենը:
Ցուցադրվելու են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի ուսանողների կողմից պատրաստված տիկնիկները:
Նա նաև նշեց, որ անցած տարի թանգարանը 3000-ից ավելի այցելու է ունեցել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններից, նաև սփյուռքահայեր, օտարազգիներ:
«Օտարազգի զբոսաշրջիկները, երբ տեսնում են թանգարան է, մտնում են՝ շատ դեպքերում ծանոթ չլինելով Մհեր Մկրտչյանի գործունեությանը, բայց ծանոթացած դուրս են գալիս: Լինում են օտարազգիներ, ովքեր տեղյակ են լինում: Մի անգամ դրսում կանգնած էինք, հյուրերի էինք սպասում: Հնդիկ զույգ էր անցում թանգարանի մուտքի մոտով: Դուռը որ բացվեց, նրանք տեսան Մհեր Մկրտչյանի դիմանկարը: Հնդիկը չէր կարողանում հասկացներ այն, ինչ ցանկանում էր մեզ ասել, միացրեց հեռախոսը ու ցույց տվեց մի նկար՝ «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմից մի կադրի լուսանկար՝ Մհեր Մկրտչյանի պատկերով: Ուզում էր ասել, որ շատ է սիրում այս դերասանին, պահում է նկարը հեռախոսում: Մտավ ներս՝ ինչպիսի խանդավառություն, նվիրում»,-նշեց Շ. Մելքոնյանը:
Թանգարանը բացվել է 2006 թվականին 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։ 2007 թվականին դերասանին թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը, ով ապրում է Արգենտինայում, եկել է Հայաստան և թանգարանին նվիրել իր մոտ պահվող բոլոր իրերը՝ կապված Մհեր Մկրտչյանի հետ: Այսօր թանգարանում 700-ից ավելի ցուցանուշ կա:
Թանգարանի տնօրենն ասաց, որ հավաքածուն համալրվում է նվիրատվությունների միջոցով. «Գյումրիից, Հայաստանի տարբեր շրջաններից բերում են երկար տարիներ պահած նվիրական մասունքներ, նույնիսկ տարբեր երկրում բնակվող հայերն են բերում իրենց մոտ եղած իրերը, որոնք կապ են ունեցել դերասանի հետ: Վերջերս արգենտինահայ մի երիտասարդ թանգարանին նվիրեց Մհեր Մկրտչյանի ինքնաեռը»: