Պարի միջազգային օրն է
Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.):
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ.
«Պարարվեստի սիրելի գործիչնե′ր, շնորհավորո′ւմ եմ Ձեր արվեստի միջազգային տոնի առթիվ։
Եթե ի սկզբանե խոսքն էր («Ի սկզբանէ էր բանն»), ապա պարը՝ մարմնի խոսքը, նրանից հետո էր։ Պարող մարդու թևերը նրա աշխարհայացքի ընդգրկունությունն են ցույց տալիս, ոտքերը՝ արմատների ամրությունը, դեմքը՝ ներքին գեղեցկությունը, աչքերը՝ տրամադրությունը։ Դրանից ավելի խոսուն՝ ի′նչը կարող է լինել, լինի ազգայի՞ն, ժողովրդակա՞ն, դասակա՞ն, թե գերժամանակակից պարատեսակ։
Ես Ձեզ մաղթում եմ գեղեցիկ ճկունություն՝ պլաստիկա, պլաստիկա և պլաստիկա, այսինքն, մարմնի գեղեցիկ, սահուն և հաստատուն խոսք, և այդ խոսքը Ձեր ժամանակակիցներին, սերունդներին հասցնելու հրաշալի բեմեր ու այլ հարթակներ»։