Աշխատանքային ստաժի հետ կապված հարցերն ամենախնդրահարույցն են. Ա. Ասատրյան
«Այսօր մեզ համար ամենախնդրահարույցը աշխատանքային ստաժի հետ կապված խնդիրներն են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով, քանի որ նախորդ ժամանակահատվածի համար չունեն տեղեկատվական շտեմարան, առկա են լրջագույն ռիսկեր, այդ թվում կոռուպցիոն. «Շատ դեպքերում քաղաքացիների ներկայացրած տեղեկանքները, տեղեկությունները ոչ հավաստի են, շատ դեպքերում մեր աշխատակիցների ոչ բարեխիղճ վերաբերմունքն ու մոտեցումները բերում են խնդիրների, համակարգում կարող են հաշվառվել ոչ ճիշտ ստաժեր, իսկ ստաժերի հետ կապված ձևավորվում է, բնականաբար, կենսաթոշակի չափը և վճարումների համար անհրաժեշտ գումարը պետական բյուջեից»:
Նախարարը տեղեկացրեց, որ այժմ իրականացնում են համակարգի ստեղծման աշխատանքներ, նաև նախընթաց ամբողջ ժամանակահատվածի համար:
Ա. Ասատրյանն ասաց, որ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները շարունակվում են, նախատեսում են նախընթաց ժամանակահատվածի համար ձևավորել էլեկտրոնային համակարգ յուրաքանչյուր անձի համար իր աշխատանքային ստաժի պատմությամբ: Նա նշեց, որ այդ աշխատանքները կառավարության հնգամյա ծրագրում նախատեսված են:
Նախարարն ավելացրեց նաև, որ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ինստիտուտի ձևավորման լիարժեք իրավական հիմքերի ապահովման նպատակով մշակել և ներդրվել են կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերությունների նոր կարգավորումների հայեցակարգային հիմքերը: Այժմ տարվում են համապատասխան օրենքի նախագծի մշակման աշխատանքները:
Ա. Ասատրյանը տեղեկացրեց, որ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման առումով ճկուն մեխանիզմներ և առանձնահատկություններ նախատեսելու նպատակով առաջարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել համապատասխան լրացումներ։
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրոնային ծառայություններն էականորեն նվազեցնելու են կոռուպցիոն ռիսկերը. Ա. Ասատրյան
- Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ նախատեսված չեն. նախարար
- Սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան