Սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն
2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման, այդ թվում զբաղվածության ապահովման նոր երեք ծրագրի ներդրում՝ ուղղված երիտասարդ մայրերի աշխատաշուկա մուտք գործելուն, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունների մեծացմանը, ինչպես նաև աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարն ասաց, որ դիտարկումների համաձայն, բարձրացել է ամուսնական, ընտանիքում երեխայի առաջին ծնունդի միջին տարիքը:
«Հասցեական ծրագրեր ենք նախատեսում դրանց վրա ներազդելու, մարդկանց մտածելակերպը, վարվելակերպը դրականորեն փոխելու ուղղությամբ»,- ասաց Ա. Ասատրյանը:
Նա տեղեկացրեց, որ հաստատվել են զբաղվածության պետական ծրագրերի իրականացման կարգերում առաջարկվող փոփոխությունները: Առաջարկվող փոփոխություններով կբարձրանա զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը՝ սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառուների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև կպարզեցվի զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները, և ծրագրերը կիրականացվեն մասնագիտական պետական կառույցների հետ համատեղ:
Առաջիկայում կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա, կձևավորվի տեղեկատվական հարթակ, որտեղ գործատուները կարող են առնչվել ոչ միայն աշխատաշուկայում անմրցունակ, այլև՝ բարձր որակավորում ունեցող և աշխատաշուկայում մրցունակ անձանց հետ, ովքեր զբաղվածության կենտրոններում հաշվառված չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան