Հիշատակի համերգ` նվիրված կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 1-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) հանդես կգան հիշատակի համերգով՝ նվիրված հայկական արդի երաժշտության յուրօրինակ և ինքնատիպ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի ծննդյան 80-ամյակին:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, կհնչեն Հ. Դելլալյանի «Requiem Canticles»՝ կանանց երգչախմբի համար, «Տոպոֆոնո»` կոնցերտ լարային նվագախմբի, դաշնամուրի և գալարափողի համար ստեղծագործությունները, ինչպես նաև Վ. Ա. Մոցարտի «Կոնցերտային» սիմֆոնիան. մենակատարներ՝ Հայկ Մելիքյան /դաշնամուր/, Նարինե Դելլալյան /ջութակ/, Հարություն Մուրադյան /ալտ/, Արշավիր Իսահակյան /գալարափող/:
Հարություն Դելլալյանը (1937-1990 թթ.) ծնվել է Աթենքում: Տասը տարեկանում ծնողների հետ ներգաղթել է Հայաստան։ Դժվարին մանկությունը և պատանեկությունը հնարավորություն չեն ընձեռել ստանալու երաժշտական կրթություն։ Միայն 1968 թվականին` 31 տարեկանում ընդունվել է Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժինները և սովորել կոմպոզիտոր Է. Միրզոյանի դասարանում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանում` ուսանելով կոմպոզիտոր Է. Բաղդասարյանին։ Դեռևս ուսման տարիներին նա դիմել է ամենատարբեր ժանրերի՝ կամերային, սիմֆոնիկ, որոնք կատարվում էին համերգներում, կոմպոզիտորների միության համագումարներում։
Հարություն Դելլալյանի ստեղծագործությունները միջազգային բեմերում սկսել են հնչել 1985 թվականից, երբ Նյու-Յորքի Քարնեգի համերգասրահում` Հարություն Փափազյանը կատարել է «Նվիրում Կոմիտասին» սոնատը, որը և մեծ հաջողության է արժանացել: 1986 թվականին, Բոստոնի «SinfoNova» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի խնդրանքով, Հ. Դելլալյանը գրում է «Տոպոֆոնո» կոնցերտը, որն հետագայում ճանաչվում է որպես ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված` տարվա լավագույն ստեղծագործություն: 1987 թվականին Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից պարգևատրվում է «Super Star» և «Ոսկե Փառապսակ» մրցանակներով։
Կոմպոզիտորի ստեղծագործական կյանքը եղավ բավականին կարճ՝ ընդհամենը 13 տարի։ Ստեղծագործությունների թիվը մեծ չէ. հայտնի գործերն են` թավջութակի և դաշնամուրի, ջութակի և դաշնամուրի սոնատները, ֆագոտի «MEDIUM» սոնատը, կլարնետի և դաշնամուրի «MEDITATION»-ը, երգեհոնի «Հաղթական Ռեքվիեմը», «Երբ իջնում է մթնշաղը» վոկալ շարքը, «Լռության րոպե» ակապելլան կանանց երգչախմբի համար, «Հուշարձան նահատակներին» կանտատ-ռեքվիեմը, «Տոպոֆոնո» կոնցերտը` գրված կամերային նվագախմբի համար, «ECLOGA» ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտը, երեք սիմֆոնիաները, «Մահ» սիմֆոնիկ պոեմը և այլն, որոնք կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայի մի շարք երկրներում և ԱՄՆ-ում: