Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի վերջին շառավիղը Մատենադարանին է նվիրաբերել մեծարժեք հավաքածու
Մեսրոպ Մաշոցի անվան Մատենադարանում տեղի է ունեցել Մատենադարանի նվիրատու Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանի պարգևատրման արարողությունը և Միրմանյան նշանավոր գերդաստանի պատմությանը վերաբերող արժեքավոր հավաքածուի ցուցադրությունը:
Մատենադարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Իտալիայի Լիվոռնո քաղաքից հատուկ այս առիթով ժամանած Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանը՝ Նոր Ջուղայից սերող Միրմանյան ազգատոհմի վերջին շառավիղը, սիրահոժար Մատենադարանին է նվիրաբերել Գիրակ Միրման գերդաստանի 1724 թ. մագաղաթյա ձեռագիր մատյանն ընտանիքի տոհմածառով հանդերձ, որը սկիզբ է առնում հեռավոր 1364 թվականից՝ Հին Ջուղայից սերող Ալավերդի Միրման անունով նախապապից և ավարտվում 1783 թվականով՝ Գրեգորիո անունով ընտանիքի մի անդամով: Հավաքածուի մաս են կազմում ձեռագրի փղոսկրով դրվագազարդված կրկնակազմը և պատմական մի շարք փաստաթղթեր, այդ թվում` ընտանիքի զինանշանի վերապատկերումը (1751 թ.), պարսից շահ Սուլեյման I-ի 1675 թ. հրովարտակը, Պիզայի արքեպիսկոպոսի կողմից 1769 թ. Գրեգորիո դը Արութո Միրմանին (ծն. Նոր Ջուղայում 1699 թ.) տրված ազնվականության կոչման հավաստագիրը, ընտանիքի անդամների լուսանկարները և այլն։
Միրմանյանները Նոր Ջուղայի մեծատուն վաճառականներից էին և տոհմիկ ազնվականներ: Գերդաստանի իտալական ճյուղի հիմնադիրը 1612 թ. Նոր Ջուղայում ծնված Գիրակի որդի Գրեգորիո Միրմանն է, որը զբաղվում էր թանկարժեք քարերի և մետաքսի առևտրով: Հետագայում Գիրակ Միրման գերդաստանի շառավիղները առևտրական գործունեություն են ծավալել ոչ միայն Իտալիայի, այլև եվրոպական մի շարք այլ քաղաքներում:
Գիրակ Միրման ընտանիքը հայտնի է նաև մեծամասշտաբ բարեգործություններով։ 1688 թ. Միրման Գիրակի հոգածությամբ ամբողջովին վերակառուցվել և ընդարձակվել է Վենետիկի Ս. Խաչ եկեղեցին: Ի դեպ, Միրման ընտանիքի որոշ անդամների աճյունները հանգչում են Ս. Խաչ եկեղեցում:
Միրմանյան գերդաստանի վերջին շառավիղը հանդիսացող Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանի ցանկությամբ սույն հավաքածուն նվիրաբերվում է Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին՝ իր արժանի տեղը գրավելու և մասնագետների ուսումնասիրման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում