Հայաստանում այսօր կա իմունիզացիայի բավականաչափ բարձր ծածկույթ. Սերգեյ Խաչատրյան
Յուրաքանչյուր տարի ապրիլին ամբողջ աշխարհի և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ կառույցները համախմբում են իրենց ուժերը, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնեն պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ամփոփեց ապրիլի 22-ից մեկնարկած «Իմունականխարգելման Եվրոպական շաբաթը», որն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։
«Այս միջոցառման անցկացման նպատակը երկրներում բնակչության մեջ գիտելիքների, իրազեկվածության բարձրացումն է։ Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, որոնց ընթացքում մարդկանց հիշեցրել են իմունիզացիայի կարևորության մասին»,-նշեց առողջապահության փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր կա իմունիզացիայի բավականաչափ բարձր ծածկույթ. «Վակցինացիաների միջոցով երեխաներին միջինում 93-94 տոկոսով ծածկույթ է ապահովվում։ Սա մերժում է այն կարծիքը, թե ծնողները թերահավատորեն են մոտենում վակցինացիաներին։ Մեզ մոտ վերջին տարիներին անցկացված լայն իմունիզացիաները բերեցին նրան, որ մենք արդեն առնվազն 5 տարի է կարմրուկի տեղական դեպքեր չենք արձանագրում: Այն դեպքերը, որոնք արձանագրվում են Հայաստանում, դրանք հիմնական մեր հարևան երկրներից ներկրված հիվանդություններ են»։
Սերգեյ Խաչատրյանի կարծիքով՝ իմունիզացիայի լավ արդյունքների հասնելու համար շատ հաճախ պետք է իրականացվեն նման միջոցառումներ: Նա օրինակ բերեց, որ Լատինական ամերիկայի երկրներից մեկում վակցինացիայից հրաժարումը կարող է հասցնել ծնողների ձերբակալության։
Անդրադառնալով վակցինացիաներից հետո առաջացող ռեակցիաներին, նա մանրամասնեց. «Վակցինացիայի հետևանքով ջերմություն է առաջանում, դա նորմալ է և դրանից վախենալ պետք չէ: Այդպիսի ռեակցիաները առաջանում են մեծամասնության մոտ, իսկ եթե ոչ կանխատեսելի ռեակցիաներ են լինում, ապա այդ դեպքում պատվաստված երեխային պետք է տանել բուժհաստատություն։ Սակայն երկար տարիների ընթացքում Հայաստանում ծանր հետևանքներ ունեցող ռեակցիաների դեպքեր չեն արձանագրվել»: