Փաշինյան. Քաղպաշտպանության առումով Երևանում խայտառակ իրավիճակ է
Վերջին տարիներին Երևանում քաղաքացիական պաշտպանության առումով ոչինչ չի արվել: Նման համոզմունք է հայտնում ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Դա ապացուցելու համար ինքներդ ձեզ հարց տվեք, ի՞նչ պետք է անեք դուք, եթե հանկարծ, աստված մի արասցե, հնչի օդային տագնապ, կամ ռազմական իրավիճակի վերաբերյալ այլ տագնապ: Խայտառակ իրավիճակ է այս առումով Երևանում»,-ասաց Փաշինյանը:
Նրա գնահատմամբ, այս իրավիճակն ավելի է սրվում՝ հաշվի առնելով, որ Երևանի բոլոր նկուղները կամ սեփականաշնորհված են կամ տրված են մասնավոր ընկերությունների, հարմարեցված չեն քաղաքացիական պաշտպանության համար:
«Շուրջ 20 տարի Երևանում դադարեցված է Մետրոպոլիտենի կառուցումը: Իսկ Մետրոպոլիտենը միայն տրանսպորտ չէ, այլ ստրատեգիական նշանակության օբյեկտ է: Հիմա վստահորեն կարող ենք ասել, որ քաղաքային իշխանությունները վերջին տարիներին ձախողել են քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը»,-նշում է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսագրության մեջ: