Մասնագետ. Ծառերի ուշ ծաղկելով պայմանավորված մարտին նվազել է ալերգիայով դիմողների թիվը
Մասնագետներն արձանագրում են, որ այս տարվա մարտ ամսին նախորդ տարիների համեմատ ալերգիայի խնդիր ունեցող մարդկանց դիմելիությունը նվազել է։ Պատճառը ծառերի ուշ ծաղկելն է, որ հիվանդությունը կլինիկական դրսևորումներ չի ունեցել:
«Հայաստանում շատ տարածված են ծաղկափոշիով պայմանավորված ալերգիաները»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Բժշկական գենետիկայի կենտրոնի ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը:
Հիվանդությունն արտահայտվում է քթի լորձաթաղանթի բորբոքմամբ, որի հետևանքով լինում է քթահոսություն, բերանի խոռոչում բորբոքում, երբեմն ականջների քոր:
«Սա կարող է բերել մի շարք բարդությունների, օրինակ հանգեցնել ասթմայի: Պետք է ժամանակին ախտորոշել ու համապատասխան բուժում ստանալ»,-ասաց նա:
Դիմող հիվանդների թվի ավելացումը նա պայմանավորում է մարդկանց իրազեկվածությամբ ու ախտորոշման բարելավմամբ:
«Էրեբունի» ԲԿ քիթ կոկորդ ականջաբան Արմեն Նազանյանն էլ նկատեց, որ աշխարհում բնակչության 10-20 տոկոսը տառապում է ալերգիկ հիվանդություններով: Եվրոպական երկրներում ցուցանիշը մինչև 40 տոկոսի է հասնում: Հայաստանում վիճակագրական տվյալներ չկան, համալիր ուսումնասիրություն չի իրականացվել:
Մանրամասները՝ տեսանյութերում: