Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է
ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանի հիշատակի օրն է: Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Ա. Խաչատրյանը ծնվել է 1903 թ. հունիսի 6-ին Թբիլիսիում: 1929 թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934 թ-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934–36 թթ-ին՝ կատարելագործվել ասպիրանտուրայում: 1950 թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ` Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957 թ-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն էր (1939–48 թթ-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը):
Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար, և այլ գործեր: Երաժշտություն է գրել հայկական դրամատիկական ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրած 3 ներկայացման (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») համար:
Խաչատրյանի 1930-ական թվականների ստեղծագործությունները նշանավորել են հայկական երաժշտարվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է համաշխարհային երաժշտարվեստի փորձի հիման վրա և բխում է հայ երաժշտական մշակույթից:
Խաչատրյանի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի արվեստը սերում է նույն ակունքից. կոմպոզիտորն իր սիմֆոնիկ երկերում լայնորեն օգտագործել է հայկական ժողովրդական մեղեդիներ ու ռիթմեր, հասել է սիմֆոնիկ մտածողության այնպիսի մակարդակի, որը լավագույն օրինակ է Արևելքի ժողովուրդների ազգային կոմպոզիտորական դպրոցների զարգացման համար: Դրանով էլ մեծ մասամբ բնորոշվում է նրա ստեղծագործության նորարարական էությունը՝ որպես նոր էջ համաշխարհային երաժշտարվեստի պատմության մեջ:
Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր կերպարներով ու ձևերով, արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները: Բացի 3 սիմֆոնիայից` գրել է գործիքային կոնցերտներ (դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի), սոնատներ, Թավջութակի և Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը և այլ գործեր:
Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939 թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում 2009 թ-ի բեմադրության բալետմայստերը Յուրի Գրիգորովիչն է) բալետները: Գրել է նաև թատերական («Վալենսիայի այրին», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», հատկապես հանրահայտ է վալսը) և կինոերաժշտություն («Պեպո», 1935 թ., «Զանգեզուր», 1938 թ., «Ստալինգրադյան ճակատամարտ», 1949 թ. ֆիլմերի համար):
Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, «Երկրորդ սիմֆոնիան», Ջութակի և նվագախմբի կոնցերտը, Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիան, «Ստալինգրադյան ճակատամարտ» կինոնկարի համար գրած երաժշտությունն արժանացել են ԽՍՀՄ, «Սպարտակ» բալետը՝ Լենինյան, Թավջութակի կոնցերտ-ռապսոդիան՝ ՀԽՍՀ Պետական մրցանակների:
1950 թ-ից, որպես դիրիժոր, հեղինակային համերգներով հանդես է եկել ավելի քան 50 երկրներում. Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Եգիպտոս, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլադիա, Իրան, Շվեդիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն:
Ա. Խաչատրյանն ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի, Մեքսիկայի կոնսերվատորիայի, Գերմանիայի և Հունաստանի արվեստի ակադեմիաների պատվավոր պրոֆեսոր:
Նրա ստեղծագործությունները կատարել և կատարում են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, ձայնագրվում են աշխարհի առաջատար ստուդիաներում, հրատարակվում են առաջատար հրատարակչություններում: Արամ Խաչատրյանի գործունեությունը հսկայական նշանակություն է ունեցել ժամանակակից երաժշտարվեստի և հատկապես հայ նոր կոմպոզիտորական դպրոցի զարգացման գործում:
«Նա [Ա. Խաչատրյանը] մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի:
... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը...»,- ասել է Համո Սահյանը:
«Անհայտ Խաչատրյանը». (khachaturian.am)
«Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը. դա վերջին ներկայացումն էր, որտեղ ներկա էր հեղինակը։ Բեմադրությունն անթերի էր, բալետային խումբը՝ հիանալի, նվագախումբը ղեկավարում էր Յա. Ոսկանյանը։ Սակայն, առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը։ Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար։ Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու։
«Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի», - սրտանց ասաց Խաչատրյանը։ «Իսկ ի՞նչ էր պատահել, չէ՞ որ հիանալի էր բեմադրությունը, նվագախումբը...» հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»։
Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ նշված փաստը խիստ զայրացրել էր հեղինակին (որը շատ կարգապահ երաժիշտ էր և չափազանց պահանջկոտ էր կատարողների հանդեպ)»։