«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված են երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանը, կոմպոզիտոր, ջազ երգչուհի Էմմա Ասատրյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և երգչուհի Զարուհի Բաբայանը: Մասնակից երկրների ժյուրիների կազմը ներկայացված է մրցույթի պաշտոնական կայքում:
ogae.am կայքը գրում է, որ յուրաքանչյուր երկրի ազգային հեռարձակող ամեն տարի ընտրում է երաժշտական ասպարեզի 5 ներկայացուցիչների, ովքեր, ըստ կանոնի, դատելու են երգչի ձայնային տվյալները, ելույթը բեմի վրա, երաժշտության կառուցվածքն ու յուրահատկությունը և ընդհանուր տպավորությունը մասնակցից: Մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության կողմից ժյուրի ընտրվելու համար կան հստակ սահմանված օրենքներ. ժյուրիի անդամը պետք է վերջին երկու տարիներին ազգային ժյուրիի կազմում ներգրավված չլինի, քվեարկության պահին պետք է լինի 16 տարեկանից բարձր, չպետք է լինի մասնակից հեռարձակող միություններից որևէ մեկի աշխատակիցը, պետք է երաժշտական ասպարեզի մասնագետ լինի կամ կապ ունենա դրա հետ, ինչպես նաև ժյուրիի անդամները պետք է լինեն նրանց ներկայացրած երկրի քաղաքացիներ և որևէ ձև կապ չունենան մրցույթին մասնակցող երգերից կամ մասնակիցներից մեկի հետ՝ անաչառ քվեարկությունն ապահովելու համար:
Սկսած 2009թ-ից պրոֆեսիոնալ ժյուրին հավասար ազդեցություն ունի մրցույթի արդյունքների վրա: Իսկ նախորդ տարվանից քվեարկության փոփոխված ձևաչափից հետո ժյուրիի միավորները սկսել են ավելի տեսանելի և ինչ-որ տեղ շոշափելի դառնալ: Եթե նախորդ տարիներին ազգային ժյուրիի և հեռուստադիտողների ձայները հաշվվում էին 50-50 հարաբերակցությամբ, իսկ հետո միանգամից հայտարարվում էին ընդհանուր թվերը յուրքանաչյուր երկրի համար, ապա 2016-ից հայտարարելու գործընթացը բաղկացած է լինելու երկու փուլից: Ժյուրին և հեռուստադիոտղը պետք է քվեարկեն միմյանից անկած՝ մասնակիցներին տալով 1-ից մինչև 8, ինչպես նաև 10 և 12 բալ: Ամփոփիչ արդյունքները հայտարարելու ընթացքում սկզբում կնշվեն ժյուրիի միավորները: Այնուհետև դրանց կավելացնեն հանդիսականների քվեարկության արդյունքները: Սկզբում կհայտարարավի առավել անհաջող ելույթ ունեցած մասնակիցների ստացած միավորները:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2017»-ը կայանալու է մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու է 42 պետություն: Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացնում է Արծվիկը «Fly With Me» երգով: Նա ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում՝ մայիսի 9-ին, 16-րդ համարի ներքո:
Հայկական պատվիրակությունն արդեն Կիևում է։ Այսօր տեղի է ունենալու Արծվիկի 1-ին փորձը։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ. Ես և իմ թիմն անելու ենք ամեն ինչ Հայաստանը լավ ներկայացնելու համար
- Բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ-2017»-ի ֆավորիտներին
- Արծվիկը եվրատեսիլյան բեմում կլինի 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ
- Guardian. «Քաղաքականությունը մշտապես եղել է «Եվրատեսիլ»-ի հոմանիշը»