Երևանում գործազրկության կրճատման ինչ ծրագրեր են առաջարկում քաղաքական 3 ուժերը
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում երևանցիների գործազրկության խնդրի վերաբերյալ դրույթներ չի ներառել։ Այս մասին Panorama.am-ի թղթակցին ասաց ավագանու թեկնածու առաջադրված Անի Սամսոնյանը՝ պատճառաբանելով, որ իրենք անդրադարձել են առավել կարևոր, էական հարցերի։
«Կարծում եմ՝ զբաղվածության հարցը Երևանի քաղաքապետարանի մակարդակով լուծվելիք հարց չէ, ազգաբնակչության համալիր զբաղվածության պետական ծրագիր պետք է մշակվի։ Ու թեև գործազրկությունը վերացնելու հարցը մեր ծրագրում չենք ներառել, սակայն հայտարարել ենք, որ մեր ծրագիրը սպառիչ չէ և մեր կողմից հնչած հայտարարությունները կարող են ամրագրվել որպես «Ելք»-ի ծրագրային դրույթներ»,- ասաց նա։
Անի Սամսոնյանից հետաքրքրվեցինք՝ դաշինքի ավագանու թեկնածուների որ մասն է աշխատանքով ապահոված և որ մասը՝ գործազուրկ։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց՝ «Ելք»-ի ավագանու անդամների մեծ մասը զբաղվածություն ունի. ներկայացուցիչներ կան ՏՏ ոլորտից, արվեստաբանության ու լրագրության ոլորտներից։
«Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Սոնա Աղեկյանն էլ իր հերթի նշեց, որ թեև նախընտրական ծրագրում իրենք անդրադարձել են մայրաքաղաքում գործազրկության կրճատման թեմային, սակայն չցանկացավ մանրամամսնել՝ հատկապես ինչ ուղիներով են հասնելու զբաղվածության տոկոսի ավելացմանը։
«Մենք ունենք մեխանիզմներ՝ ինչպես նվազագույնի հասցնել գործազրկության մակարդակը։ Հնարավորինս արագ կերպով միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի երևանցին աշխատատեղ ունենա։ Թե խոսքն ինչ մեխանիզմների մասին է, առայժմ չեմ ուզում բարձրաձայնել, դրանց մասին հասարակությունը կտեղեկանա մեր գործնական քայլերի արդյունքում՝ մայիսի 15-ից հետո։ Երևանցիները գործնականում ականատես կլինեն փոփոխություններին»- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ նախընտրական ծրագրին, ապա ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանն ասաց, որ Երևանում գործազրկության կրճատման հարցում էական նշանակություն կարող են ունենալ տրանսպորտային նոր միջոցների ներդրումն ու աղբի վերամշակման գործարանի հիմնումը։ Այսպիսով, կստեղծվեն վարորդների, վերամշակող բանվորների և մի շարք այլ մասնագետների աշխատատեղեր։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 14-ին վստահության քվե տվեք այն թիմին, որը տեղյակ է ձեր դարդուցավին. Տարոն Մարգարյան
- «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը
- Թևերս քշտում եմ Երեւանի՝ բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետը դառնալու. Նիկոլ Փաշինյան