ԼՂՀ զինված ուժերը ուշի ուշով հետևում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին
ԼՂՀ զինված ուժերը ուշի ուշով հետևում են մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Պաշտպանության բանակը գտնվում է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա։ Panorama.am-ւ թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Անկախ ամեն ինչից՝ ԼՂՀ զինված ուժերը միշտ զգոն են։ Եթե զորավարժություններն ընթանան ծրագրված սցենարով՝ առանց որևէ բարդությունների, բնական է, որ մենք պետք է միայն հետևողի դերում լինենք։ Եթե այլ գործընթաց լինի, բնական է, որ պատասխան է լինելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանց այդ զորավարժությունների էլ բոլորը գիտեն՝ ինչ պետություն է։ Նա չի թաքցնում իր ֆաշիստական և զավթողական նպատակներն Արցախի նկատմամբ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Դավիթ Բաբայանը նաև ընդգծեց՝ մայիսի 1-5-ն ընթացող զորավարժություններին Թուրքիայի մասնակցությունն աշխարհաքաղաքական առումով բավական վիճահարույց է։
«Չեմ կարծում, որ այս զորավարժությունները համապատասխանում են Ռուսաստանի, Իրանի ու ՆԱՏՕ-ի շահերին։ Իսկ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, փաստորեն, վատ դրության մեջ է դնում դաշինքին։ Դաշինքը հայտնվում է մի իրավիճակում, որտեղ նրա անդամներից մեկն ապակառուցողական քաղաքականությամբ խախտում է կանոնակարգը։ Ստացվում է՝ կա՛մ ՆԱՏՕ-ն չի կարողանում վերահսկել անդամներից մեկի քաղաքականությունը, կա՛մ Թուրքիան է իր վարքագիծը բարդում ՆԱՏՕ-ի վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
ԼՂՀ մամուլի խոսնակի համոզմամբ՝ եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել։