Երթ. Ամեն ինչ պետք է արվի հանուն ՀՀ քաղաքացու
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի ճյուղային արհմիությունը միացնելով իր ձայնը աշխարհի բոլոր աշխատողներին և իրենց ներկայացուցիչ արհմիություններին այսօր դուրս են եկել երթի՝ բարձրաձայնելու աշխատողների դիրքորոշումը կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ։
«Մենք պնդում ենք, որ պետությունը բիզնես չէ։ Հայաստանի Հանրապետությունը համաձայն մեր Սահմանադրության սոցիալական պետություն է և սոցիալականը միշտ պետք է առաջնայինը լինի։ Իհարկե, տնտեսությունը պետք է զարգացնել, պետք է բիզնեսի համար պայմաններ ստեղծել, սակայն պայմանները չպետք է լինեն աշխատողների հաշվին, ինչը այսօր փորձ է արվում անել։ Պետությունը պետք է վարի արդար հարկային քաղաքականություն՝ մենք վճարում ենք մեր հարկերը, պետք է նաև բիզնեսը վճարի»,-ասված է երթի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ:
Նրանք ընդգծեցին, որ կառավարության ծրագրի առանցքային դրույթը՝ «Մարդը գերագույն արժեքն է» չպետք է մոռացվի։
«Կոչ ենք անում կառավարությանը երբեք չմոռանալ այդ մասին: Ամեն ինչ պետք է արվի Հայաստանի քաղաքացու համար: Կարծում եմ, որ կառավարությունը հաջողություն կունենա միայն այն ժամանակ, երբ հաշվի նստի աշխատողների ու նրանց ներկայացուցիչների՝ արհմիությունների հետ: Կարծում եմ, մի օր ստիպված կլինի հաշվի նստելու»,-ասաց կազմակերպիչներից Ա. Ասատրյանը:
Հիշեցնենք, որ երթը մեկնարկեց Իսահակյանի արձանի մոտակայքից (Երիտասարդական մետրո), երթի մասնակիցները կանցնեն Աբովյան, Թումանյան փողոցներով, Հյուսիսային պողոտայում նրանց կմիանան Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիային և անդամ ճյուղային արհմիությունների աշխատակիցները, այնուհետև միասին կշարժվեն դեպի Հանրապետության Հրապարակ։