Քաղտեխնոլոգը` Փոստանջյանի, Փաշինյանի և Լևոն Իգիթյանի մասին
«Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և Նիկոլ Փաշինյանի հասցեին «դեվչոնկա» և ««կռիշներում վազվզող» մականուններն օգտագործելով, ցույց է տալիս, որ թեև 75 տարեկան է, սակայն դեռ անհատականություն չի դարձել, ընդամենը մնացել է Հենրիկ Իգիթյանի փոքր եղբայրը»,-սա քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքն է:
Նա նաև կարծում է, որ մրցակից թիմի անդամներին մականուններ կպցնելը խոսում է անձի լուրջ բարդույթների, չկայացածության մասին. «Լևոն Իգիթյանը միշտ «ափըռ-ցըփռ է» խոսում, փորձում բոլորին վիրավորել։ Նրա այդօրինակ խոսքերը քաղաքականության կամ PR-ի հետ որևէ կապ չունեն, քանի որ նա, նախ, քաղաքական կամ PR գործիչ չէ»։
Կարեն Քոչարյանի խոսքով, թեև ՀՀԿ-ի ավագանու ցուցակը վատը չէ, սակայն մարազմատիկ անձանց դրանում ներգրավելը այնքան էլ ճիշտ չէ։ Նրա համոզմամբ, ժամանակն է ազատվել այդ անձանցից. «Թող ուղարկեն իրենց տուն, գնա, թոշակ ստանա»:
Քաղտեխնոլոգն ընդգծեց` Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանեն չպատասխանեն Իգիթյանի որակումներին. «Ես չէի պատասխանի, կարհամարհեի»։
Սակայն, նշենք, Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում արդեն անդրադարձել էր Լևոն Իգիթյանի խոսքերին՝ գրելով.
«Իմ ջերմ բարեւները եւ լավագույն մաղթանքները փոխանցեք Տարոն Մարգարյանի ջերմեռանդ աջակից Լեւոն Իգիթյանին: Այսօր նա հայտարարել է, թե 2008թ. Մարտի 1-ին ես ավտոբուսների, տրոլեյբուսների «կռիշներում» վազվզում էի ու գոռում՝ ջարդե՛ք, փշրեք, վառե՛ք:
Ժամանակին նման հայտարարություն արել էր Էդուարդ Շարմազանովը: Եւ այդ հայտարարության արդյունքում ծնվեց այս հոդվածը: Հույս ունեմ՝ պարոն Իգիթյանը կհասկանա ինչը ինչոց է եւ ինչը ում մասին է:
Հ.Գ. Կայքը ցույց է տալիս, թե 2010 թվականին եմ գրել, այսինքն՝ բանտից, բայց իմ հիշելով 2009-ին եմ գրել՝ ընդհատակից»:
Հիշեցնենք, որ նախօրեին ճարտարապետ Լևոն Իգիթյանը, հանդես գալով Տարոն Մարգարյանի քարոզարշավին, նշել էր. «Մենք շատ դաժան և ծանր պատմություն ենք ունեցել, և էսօր հանկարծ մի «դեվչոնկա» հայտարարում է՝ ես Երևանը գրավելու եմ: Ուզում եմ հասկանալ, ի՞նչն է գրավելու…
Տարոն Մարգարյան, Զարուհի Փոստանջյան, Նիկոլ Փաշինյան. ինչո՞վ հիշեմ այս երեք թեկնածուներին: Զարուհի Փոստանջյանը միջազգային հարթակներում օտարների ներկայությամբ իմ երկրի վրա ցեխ էր շպրտում:
Նիկոլ Փաշինյանը մարտի ծանր օրերին ավտոբուսների, տրոլեյբուսների «կռիշներում» վազվզում էր ու գոռում՝ ջարդե՛ք, փշրեք, վառե՛ք…:
Ինչքան «բեզդելնիկ» կա, մտել է քաղաքականություն… »
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան