Տոնական երթի են դուրս եկել կոմունիստները
«Ուռա, կեցցե մայիսի մեկը, աշխատավորության օրը, կեցցե Կոմունիստական կուսակցությունը, կեցցե հայ գյուղացին, բանվորը»: Նման կոչերով, թմբուկներով ու շեփորներով տոնական երթի են դուրս եկել Կոմունիստական կուսակցության անդամները:
Երթի մասնակիցները կարոտով են հիշում խորհրդային տարիները, դժգոհություն հայտնում այսօր իրենց տրվող կենսաթոշակի չափից: Ասում են՝ աշխատել են լավ, հիմա կոպեկներ են տալիս: Նրանք հիշեցին՝ ուսումը ձրի էր, մանկապարտեզը ձրի էր, հիմա ամեն ինչ փողով է:
«Առանց ռուսների մենք զրո ենք: Ո՞րն է անկախությունը, ոչ մի բանը մերը չի, հայ ժողովուրդը Հայաստանի տերը չի: Անգամ ջուրը մերը չի, ֆրանսիացին եկել հաշվիչը դրել, մեզ վրա է ծախում: Մարդիկ դարձել են վտարանդի: Մենք քաղցր վերհուշ ենք ապրում»,-ասաց կոմկուսի անդամներից մի տղամարդ:
Նրանք հիշում էին, որ խորհդային տարիներին Քոչինյանի, Դեմիրճյանի ու այլոց հետևից ոչ մի թիկնապահ չէր գնում, քանի որ ժողովուրդը սիրում էր:
«Արդյունաբերություն կար, տնտեսություն կար»,-ասաց «Սովետական Հայաստան» թերթի նախկին թղթակիցը:
Կուսակցության առաջնորդ Տաճատ Սարգսյանը նշեց, Կոմկուսը միակ ուժն է, որ նշում է այս տոնը, հավատարիմ են մնացել իրենց գաղափարախոսությանը, արժեքներին:
«Եկել են մասնակցելու հանրապետության բոլոր մարզերից, մոտ հինգ հազար մարդ է մասնակցում երթին: Տեսեք՝ մարդիկ ինչքան ժպիտով են մեզ նայում, որովհետև հիշում են խորհրդային տարիները»,-ասաց Սարգսյանը:
Նա համոզված է, իրենց համակիրները շատ են ու ամենևին էլ չի հավատում, որ խորհրդարանական ընտրություններում իրենց այդքան քիչ մարդ է ընտրել:
«Մեզ համար զարմանք ու զայրանք էր»,-ասաց Սարգսյանը, ավելացնելով, որ առանց ընկճվելու, սկսել են պատրաստվել հաջորդ համապետական ընտրություններին: