Աշխատաշուկայում ամենավտանգավոր խախտումներն` ըստ սոցապնախարարի խորհրդականի
«Աշխատաշուկայում այսօր գրանցվող հիմնական ամենավտանգավոր խախտումները վերաբերում են աշխատանքային պայմանագիր չկնքելուն կամ անօրինական աշխատանքին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աշխատանքի և զբաղվածության հարցերով գլխավոր խորհրդական Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ սա հետագայում հնարավորություն չի տալիու աշխատողին պաշտպանել իր իրավունքները։
Աշխատաշուկայում առկա խնդիրներից նա առանձնացրեց աշխատավարձերի ուշացումն ու ոչ ամբողջական վճարումը, ինչպես նաև հանգստի իրավունքի խախտումը։
«Հանգստի իրավունքի խախտումը բարձր տեսակարար կշիռ ունի արձանագրվող խախտումների մեջ: Պակաս կարևոր չէ նաև սոցիալական աշխատողներին տրվող առանձին երաշխիքների խախտումը, ինչն առանձին խմբերի է վերաբերում: Այստեղ կավելացնեմ նաև երեխաների աշխատանքի իրավունքի մասը, որի պաշտպանությունը դիտարկվում է առաջնային դաշտում»,-նշեց սոցապնախարարի խորհրդականը։
Թադևոս Ավետիսյանը հավելեց նաև, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից անօրինական ազատումները ևս տեսակարար կշիռ են կազմում։
Հարցին, թե նվազագույն աշխատավարձի փոփոխություն նախատեսվում է, ըստ նրա, թե ոչ, Թադևոս Ավետիսյանն ասաց. «ՀՀ-ում հստակ է, որ նվազագույնը սահմանվում է օրենքով, բայց պետք է գործիքներ ստեղծվեն. որպեսզի կողմերը նաև տեղեկացված լինելով՝ կարողանան տարբեր չափեր սահմանել: Նվազագույն աշխատավարձը պետք է տարբերակվի ըստ ճյուղերի, շրջանների, մասնագիտությունների։ Սրա համար պետք է լինի ոչ թե միայն մեկ կողմի սահմանումը, այլ կոլեկտիվ բանակցությունների արդյունքնում կողմերը պետք է իրենց փաստարկներն ու հակափաստարկները բերեն և կարողանան դուրս գալ այդ թվի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Արտեմ Ասատրյան. Կառավարությունը նախաձեռնել է աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ
- Արհմիությունների միջոցով աշխատողի իրավունքների պաշտպանության ինստիտուտը հեռու է կայացած լինելուց. Թ. Ավետիսյան
- Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են. Սերժ Սարգսյան
- Աշխատանքի և աշխատավորների օրն է