«Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողն է 7-ամյա Արփի Ղազարյանը
Այսօր հայտնի դարձան «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները: Առաջին մրցանակը ստացավ 7-ամյա Արփի Ղազարյանը, ով Երևանի Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի սան է: Երկրորդ մրցանակը ստացավ 13-ամյա Սոֆյա Յակովլևան՝ Ռուսաստանի Սարատով քաղաքի Գեղարվեստի մանկական ստուդիայից, երրորդ հորիզոնականում Երևանի «Գասպարյան» արտ-ստուդիայի սան 11-ամյա Աննա Կոստանյանի գեղանկարն է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մասնագիտական ժյուրիի որոշմամբ հատուկ մրցանակներ շնորհվեցին մրցույթի երկու մասնակիցների՝ Ժասմինա Հովհաննիսյանին (11 տարեկան, Ներքին Գետաշեն) և Ռուդոլֆ Ավանեսյանին (14 տարեկան,Երևան):
Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով և բացառիկ հնարավորություն ստացան մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մայիսի 28-ին, Երևանում:
«Ես նկարել եմ Պիկասոյի աղջիկն ու աղավնի: Շատ ուրախ եմ, որ մրցանակ ստացա: Ընկերներիս կասեմ, որ հաղթել եմ «Ավրորա»-ի առաջին մրցանակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց 7-ամյա Արփին:
Արփին 3 տարեկանից հաճախել է Երևանի Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոն: Այժմ սովորում է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան հանրակրթական դպրոցում:
Ռուդոլֆ Ավանեսյանի կերամիկայից պատարաստված աշխատանքը, նրա ներկայացմամբ, դեպի բարություն, լուսավոր ապագա տանող ճաապարհն է խորհրդանշում:
«Մարդը բարձրանում է դեպի արև, այսինքն դեպի հավերժություն, դեպի լուսավոր ապագա»,- նշեց նա:
Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ նաև կազմակերպվել է ցուցահանդես՝ մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքներով: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև մայիսի վերջ, երբ կամփոփվեն «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները:
Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Խաչատուրյանն ասաց, որ պատահաբար չէ ընտրված այս թանգարանը. «Աշխարհի կամ մեր իրականության ամենամեծ մարդասերի՝ Հովհաննես Թումանյանի տանը կազմակերպվել է մեր ժամանակների մարդասիրական լավագույն նախաձեռնության ակցիաներից մեկը»:
Նրա խոսքով, այսօր աշխարհում միակ բանը, որը պակասում է, մարդասիրությունն է:
«Մարդասիրությունը պակասում էր և 100 տարի առաջ, և այսօր: Մարդասիրությունից բարձր ոչինչ չկա: Հիշեք Հովհաննես Թումանյանին, ով հազարավոր երեխաների կյանք փրկեց՝ չունենալով ոչ մի լումա: Դա այդքան էլ կարևոր չէ, կարևորը մարդու սիրտն է, հոգու մեծությունը»,-նշեց Ն. Խաչատուրյանը:
«Ավրորա» գեղարվեստական մրցույթին, որը հայտարարվել էր 2017թ. հունվարին, մասնակցել են 7-14 տարեկան երեխաներ: Մրցույթին ներկայացվել են հազարից ավելի աշխատանքներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վենեսուելայից և Ֆրանսիայից:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանի խոսքով, խիստ կարևոր է, որ նաև թուրք երեխաներն են միացել ծրագրին ու իրենց աշխատանքներն են ուղարկել՝ դրանով իսկ միանալով հայ ժողովրդի ու հայ մանուկների մեծ ու կարևոր գործին:
«Մրցույթին երեխաների մասնակցության թիվը շատ տպավորիչ էր: Մրցույթի միջոցով նրանք հնարավորություն ունեցան արժևորել իրենց աշխատանքը, իմացան, որ կարևոր գործ են անում, ոգևորվեցին: Մենք գնահատել ենք աշխատանքի՝ թեմային համապատասխանությունը և երեխայի ազնվությունը, ինչպես նաև աշխատանքի որակը: Բոլորն էլ լավ աշխատանքներ են ներկայացրել, բայց մենք ստիպված էինք ընտրել լավագույնները: Բոլոր երեխաներն էլ հաղթել են՝ մասնակցելով այս մրցույթին»,- ասաց «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի անդամ Տիգրան Մատուլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին